Ղարաբաղի նախագահը հայտնի տնտեսագետ Աբել Աղանբեկյանի հետ քննարկել է երկրի տնտեսության ոլորտների զարգացման հարցերը

18.01.2008, 19:51
Ղարաբաղի նախագահը հայտնի տնտեսագետ Աբել Աղանբեկյանի հետ քննարկել է  երկրի տնտեսության ոլորտների զարգացման հարցերը

Հունվարի 17-ին ԼՂՀ nախագահ Բակո Սահակյանը հայտնի տնտեսագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի և գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի, ինչպես նաև երկրի տնտեսության, կրթության և գիտության բնագավառների զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության  գլխավոր վարչությունից, զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ներդրումային քաղաքականությանը և  Արցախի վերաբերյալ ներդրումային փաթեթի մշակմանը:

ԼՂՀ նախագահը կարևորել է այդ գործընթացներում սփյուռքի գիտական ներուժի ներգրավման անհրաժեշտությունը` նշելով, որ Աբել Աղանբեկյանի նման նշանավոր գիտնականի փորձի օգտագործումը դրական ազդեցություն կունենա մեր հանրապետության տնտեսական և գիտական կյանքի հետագա առաջընթացի վրա:   

Աղանբեկյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործին:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին ներկա են եղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունները: Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, ըստ որի` մարտ ամսին Աբել Աղանբեկյանը նորից կայցելի Արցախ, որպեսզի տեղում ծանոթանա կոնկրետ ներդրումային ծրագրերի հետ:–0—