ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպման մանրամասները

30.01.2020, 20:34
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մանրամասները
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպման մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ Ժնևում տեղի ունեցած հանդիպման մանրամասները:

Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Դրան նախորդեց ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

«Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը»,- հայտնել է Նաղդալյանը:

Նրա խոսքով, նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:-0-