ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են արդար և տևական խաղաղության ձեռքբերման պայմանները (ՎԻԴԵՈ)

30.01.2020, 20:50
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, թե որոնք են արդար և տևական խաղաղության ձեռքբերման պայմանները. ՎԻԴԵՈ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են արդար և տևական խաղաղության ձեռքբերման պայմանները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, հունվարի 30. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 28-30-ը Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) առանձին և համատեղ ձևաչափով հանդիպումներ անցկացրեցին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: 

Ինչպես հայտնում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը: 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:-0-