Ասկերանի շրջանի նախկին ղեկավարն առաջարկում է հանրաքվե կազմակերպել՝ ՌԴ-ին միանալու խնդրանքով (ՖՈՏՈ)

31.03.2022, 15:42
Ասկերանի շրջանի նախկին ղեկավարն առաջարկում է հանրաքվե կազմակերպել՝ ՌԴ-ին միանալու խնդրանքով. ՖՈՏՈ
Ասկերանի շրջանի նախկին ղեկավարն առաջարկում է հանրաքվե կազմակերպել՝ ՌԴ-ին միանալու խնդրանքով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ասկերանի շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանն առաջարկում է հանրաքվե կազմակերպել՝ ՌԴ-ին միանալու խնդրանքով:

«Ստեղծված իրավիճակում, երբ ՀՀ-ն ակնհայտորեն անթաքույց հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի՝ իր իսկ կողմից ստանձնած (միջազգային հանրության կողմից լուռ համաձայնությամբ ընդունված) պարտավորություններից՝ «խաղաղության, եղբայրության դարաշրջան» թևակոխելով բազմադարյան թշնամիների հետ, իլյուզիաներով չտառապենք և գործի անցնենք: Արցախահայության ֆիզիկական բնաջնջումից խուսափելու, բզկտված, հոշոտված Արցախի «մնացորդները» փրկելու ակնկալիքով պատկան մարմիններին առաջարկում եմ ստեղծել համատեղ աշխատանքային խումբ հանրության հարգված, ճանաչված գործիչների ընդգրկմամբ՝ քննարկելու հետևյալը. գնահատել ռիսկերը և հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել համապետական հանրաքվե՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու խնդրանքով», - գրել է Բարսեղյանը Facebook-յան իր էջում:

Նշենք, որ Բարսեղյանի Facebook-յան գրառումը նախ հասանելի էր բոլորին, սակայն որոշ ժամանակ անց հասանելի դարձավ միայն Facebook-յան ընկերների համար:-0-

 - рис.1