Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի. ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

11.11.2016, 18:16
ԱՄՆ-ն բացառում է ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը, Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերը, ում ելույթի տեքստը հրապարակվել է ԱՄՆ կառավարության կայքում:
Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի. ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն բացառում է ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը, Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերը, ում ելույթի տեքստը հրապարակվել է ԱՄՆ կառավարության կայքում:

«Մենք կիսում ենք կողմերի հիասթափությունը` կապված հակամարտության երկարաձգման հետ: Այդուհանդերձ, ոչ մի ռազմական լուծում լինել չի կարող», - նշել է Բայերը` ավելացնելով, որ ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի աշխատանքները կողմերի հետ` հակամարտության ամուր և խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է միջնորդների ջանքերին և միջոցներին, որոնք ուղղված են հայերի ու ադրբեջանցիների միջև վստահության և երկխոսության ընդլայնման ամրապնդմանը, ինչը կարող է նպաստել իրավիճակի կայունացմանը և ստեղծել ավելի կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար։

Բայերը հիշեցրել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ կողմերը պայմանավորվել են ընդլայնել ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը և աշխատել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման ուղղությամբ` կոչ անելով սկսել այդ պայմանավորվածությունների իրականացումը:

Մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների արտգործնախարարների ներկայությամբ: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ԼՂ հիմնախնդրին նվիրված եռակողմ գագաթնաժողով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։–0–