ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների հայտարարությունը կարևոր փաստ է. փորձագետ

18.10.2016, 19:05
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից առանձին հայտարարության տեսքով անդրադարձը ղարաբաղյան հակամարտությանն արդեն իսկ կարևոր փաստ է, կարծում է Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների հայտարարությունը կարևոր փաստ է. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմեիա/. ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից առանձին հայտարարության տեսքով անդրադարձը ղարաբաղյան հակամարտությանն արդեն իսկ կարևոր փաստ է, կարծում է Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից առանձին հայտարարության տեսքով անդրադարձը ղարաբաղյան հակամարտությանն արդեն իսկ կարևոր փաստ է, եթե հաշվի առնենք ՀԱՊԿ կազմը (Հայաստան, ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան), ինչպես նաև որոշ անդամ երկրների՝ երբեմն դրսևորվող ոչ միանշանակ կեցվածքը», – ասաց Մինասյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Ինչ վերաբերում է հայտարարության բովանդակությանը, ցանկալի է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր դրույթների:

«Մասնավորապես, հայտարարության մեջ, որպես քաղաքական բանակցությունների առաջընթացն ապահովելու անհրաժեշտ պայման, հղում է կատարվում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ վստահության միջոցների և նոր սրացումները կանխարգելելուն ուղղված քայլերի վերաբերյալ», – նշեց փորձագետը։

Նա հիշեցրեց, որ հայկական կողմերն ապրիլյան սրացումից հետո մշտապես ընդգծել են, որ այս համաձայնությունների ձեռքբերումն ուղղակի անհարժեշտ է քաղաքական բանակցություններին անցում կատարելու համար, իսկ ադրբեջանական կողմը, իր հերթին, ձգտել է խուսափել դրանց կատարումից:

«Այս հայտարարությամբ այսօր, փաստացի, ՀԱՊԿ անդամ 6 երկրներն Ադրբեջանին հստակ ուղերձ հղեցին», – ասաց Մինասյանը։

Հայտարարության երկրորդ կարևոր դրույթը հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության ընդգծումն էր՝ միջազգային իրավունքի նորմերի, Հելսինկայն ակտի սկզբունքների հիման վրա:

«Ի դեպ, հայտարարության մեջ թվարկված են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները», – ասաց փորձագետը։

Հոկտեմբերի 14–ին Երևանում ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի ժամանակ ընդունված հայտարարության մեջ պետությունների ղեկավարներն աջակցություն են հայտնում ղարաբաղյան խնդրի շուրջ` մայիսի 16–ին Վիեննայում և հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրում թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանն ու պայմանների ստեղծմանը խաղաղ գործընթացի առաջխաղացման համար։

Հաստատելով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը` ՀԱՊԿ երկրների ղեկավարներն աջակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ—ի կանոնադրութայն դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։ –0–