ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ մայիսի 13-ին ժամը 17:00-ից սկսած հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը,հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:
Հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ:
«Հատկանշական է, որ հակառակորդը, իր սովորության համաձայն, շտապել է շփման գծում իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել ղարաբաղյան կողմի վրա, ինչը իրականությանը չի համապատասխանում», - հաղորդում են գերատեսչության մամուլի ծառայությունում:
«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանում են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում` թիրախ ընտրելով բացառապես հակառակորդի կրակակետերը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–