Ադրբեջանը նախորդ շաբաթ ավելի քան 3000 կրակոց է արձակել ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ

18.01.2016, 10:55
Ադրբեջանական կողմը հունվարի 10-16–ն ավելի քան 3000 կրակոց է արձակել ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:
 Ադրբեջանը նախորդ շաբաթ ավելի քան 3000 կրակոց է արձակել ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կողմը հունվարի 10-16–ն ավելի քան 3000 կրակոց է արձակել ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրազենից, РПГ-7 և АГС-17 տեսակի նռնականետներրից, 60 մմ ականանետներից, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` հղում անելով Պաշտպանությւան բանակի օպերատիվ տվյալներին։

Հաղորդման մեջ նշվում է, որ բացի վերոնշյալից, հունվարի 14–ին հակառակորդը դիվերսիայի փորձ է ձեռնարկել Ադրբեջանի հետ շփման գծի արևելյան գծում։ 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արդյունքում՝ հակառակորդի առնվազն երկու զինծառայող սպանվել է, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի:

Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն»,– ասվում է հաղորդման մեջ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: 

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ: 

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը: 

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-