Ի՞նչ էր դուրս մնացել «Սասնա ծռեր»-ից․ պատրաստվում է էպոսի նոր համահավաք բնագիրը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ԿԳՄՍ նախարարության կողմից 2026-2027 ուսումնական տարին հռչակվել է «Ընթերցանության տարի», իսկ սեպտեմբեր ամիսը մեկնարկել է «Սասունցի Դավիթ» էպոսի խորագրով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հռչակված «Ընթերցանության տարվա» շրջանակում «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը ազգային դյուցազներգության արդիականության, ժամանակակից երիտասարդին էպոսին կապելու և առաջիկայում սպասվող նոր հրատարակության մասին զրուցել է գրականագետ Հայկ Համբարձումյանի հետ։
«Սասնա ծռերը» միայն անցյալի հուշարձան կամ պարտադիր ընթերցանության նյութ չէ

Անդրադառնալով «Ընթերցանության տարվա» նախաձեռնությանը՝ Հայկ Համբարձումյանն ընդգծեց, որ սա կարևոր հնարավորություն է էպոսը վերընթերցելու համար, քանի որ «Սասնա ծռերը» ընդգրկուն ու բազմաշերտ մշակութային տեքստ է։
«Այստեղ արծարծվում են ազատության, արդարության, ազգային արժեքներին հավատարմության, ընտանիքի, պատերազմի ու խաղաղության, մարդու և հայրենիքի հարաբերության կարևոր հարցեր, որոնք արդիական են բոլոր ժամանակներում»,- նշել է նա։
Գրականագետի համոզմամբ՝ երիտասարդին էպոսին կապելու համար առաջին հերթին պետք է փոխել նյութի մատուցման եղանակը՝ պաթետիկ-գովերգային տոնայնությունը փոխարինելով էպոսի կարևոր կողմերի և մեր կյանքի հետ կապի ընդգծմամբ, ինչպես նաև՝ հերոսների վարքի օբյեկտիվ գնահատմամբ։
«Պետք է ոչ միայն պատմել, թե ինչ է տեղի ունենում էպոսում, այլ հարցնել՝ ինչո՞ւ է դա տեղի ունենում, ի՞նչ է նշանակում այս կամ այն արարքն այսօր, և ի՞նչ հարցեր է էպոսը տալիս հենց մեզ։ Այդ դեպքում էպոսը դառնում է ոչ թե հեռավոր անցյալի հեքիաթային պատմություն, այլ զրույց ժամանակակից մարդու հետ»,- ասաց Համբարձումյանը։
Վերականգնվել են խորհրդային շրջանում խմբագրված ու դուրս մնացած մոտիվները
Խոսելով էպոսի նոր համահավաք բնագրի մասին՝ գրականագետը հայտնեց, որ այն նախատեսվում է հրատարակել մինչև տարեվերջ՝ «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ և Վահե ու Վիգեն Բադալյանների հովանավորությամբ։
«Այս աշխատանքը կարևոր է նրանով, որ երկար տասնամյակների դադարից հետո էպոսի նոր, ընդգրկուն բնագիր է ներկայացվում։ «Սասնա ծռերը» մեզ է հասել բազմաթիվ տարբերակներով, որոնք միմյանցից տարբերվում են ոչ միայն լեզվական, այլև կառուցվածքային, կերպարային ու մոտիվային առանձնահատկություններով»,- նշեց զրուցակիցը։
Նրա խոսքով՝ նոր համահավաքը հնարավորություն կտա ընթերցողին տեսնելու էպոսն իր բազմազանությամբ և առանց խորհրդային շրջանի գաղափարական աղճատումների։
«1939 թվականին ստեղծված համահավաքում չեն ներառվել կամ խմբագրվել են պետականության, հայկական ազնվականության կյանքի, եկեղեցու ու հոգևոր արժեքների հետ կապված բազում մոտիվներ, որոնք ես վերականգնել եմ»,- ընդգծեց Հայկ Համբարձումյանը։
Դիմակայունության բանաձևը. «Հացն ու գինին, Տեր Կենդանին...»

Անդրադառնալով ազգային ինքնությանն ու դիմակայունության բանաձևին՝ գրականագետը նկատեց, որ հայ ժողովրդի ուժն ու կենսունակությունը էպոսում ոչ միայն ֆիզիկական ուժի կամ ժառանգաբար փոխանցվող զենքերի մեջ է, այլ նախ և առաջ արդարության, առաքելության գիտակցման և հոգևոր արժեքների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի։
««Սասնա ծռերում» հերոսը հաղթում է այն ժամանակ, երբ արդար է, պաշտպանում է իր տունը, հողը, ընտանիքը, արժանապատվությունը և ազատ ապրելու իրավունքը։ Եվ ամենակարևորը՝ չի դավաճանում իր սրբություններին ու տիեզերական արդարություն հաստատելու առաքելությանը։ Էպոսի հերոսները նեղն են ընկնում, երբ մոռանում են տոհմիկ ու զորավոր աղոթքը՝ «Հացն ու գինին, / Տեր Կենդանին / Մարութա Սուրբ Աստվածածին, / Խաչ Պատերազմին / Իմ աջ բազկին»։ Սա դիմակայունության բանաձևն է, որը փրկում է հերոսներին, պաշտպանում, կյանք ու վերածնունդ տալիս»,- պարզաբանեց նա։
«Սասունցի Դավիթ» թե՞ «Սասնա ծռեր». անվանման պատմությունը
Գրականագետը հստակեցրեց նաև էպոսի գրառման և անվանման հետ կապված հարցերը՝ նշելով, որ պետք է տարբերակել էպոսի ստեղծումն ու դրա գրառումը։
««Սասնա ծռերը» չի ստեղծվել 19-րդ դարում։ Այն դարերի ընթացքում ձևավորված բանավոր ավանդություն է, որը մեզ հասել է բազմաթիվ տարբերակների միջոցով։ 19-րդ դարում պարզապես սկսվեց այդ բանավոր ժառանգության գիտական գրառման և ուսումնասիրության փուլը»,- ասաց Համբարձումյանը։
Նա նշեց, որ թեև Դավիթը էպոսի ամենահայտնի ու սիրված կերպարն է, ամբողջ դյուցազներգությունը Սասնա տան չորս սերունդների պատմությունն է։ Այդ պատճառով գիտական առումով «Սասնա ծռեր» անվանումն ավելի ճշգրիտ է, իսկ «Սասունցի Դավիթը» դարձել է էպոսի առավել ճանաչելի անունը՝ գլխավոր հերոսի ժողովրդականության շնորհիվ։ Բանավոր տարբերակներում այն հիշվում է նաև «Ջոջանց տուն», «Սասնա տուն», «Դավիթ և Մհեր» անուններով։
Ինչպե՞ս հետաքրքրություն առաջացնել ընթերցանության հանդեպ

Խոսելով դպրոցականներին ընթերցանության մեջ ներգրավելու մասին՝ Հայկ Համբարձումյանը կարևորեց գրքի շուրջ հետաքրքրություն ստեղծելը, ուսուցչի դերը և ընտանիքի օրինակը։
«Երեխան պետք է զգա, որ գիրքը իրենից ինչ-որ բան է պահանջում, բայց նաև իրեն ինչ-որ բան է տալիս։ Լավ ուսուցիչը կարող է մի քանի րոպեում ստեղծել այն հետաքրքրությունը, որի շնորհիվ երեխան հետո ինքն է բացում գիրքը։ Իսկ ընտանիքի օրինակը ձևավորում է ընթերցանության մշակույթը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ պարտադիր ցանկը կարող է ուղղություն տալ, բայց ընթերցող չի ձևավորում, եթե չկա անձնական ներգրավվածություն։
Նա առաջարկեց դպրոցներում կազմակերպել բանավեճեր ու քննարկումներ՝ հարցադրումներ անելով, թե ինչ կաներ աշակերտը Դավթի փոխարեն, ինչ է նշանակում արդար կռիվը կամ ինչու Մհերը փակվեց Ագռավաքարում։
«Մենք սպասում ենք Մհերին, բայց նա էլ մեզ է սպասում»

Գրականագետի խոսքով՝ դպրոցականների հետ հանդիպումներում ինքը հաճախ ընտրում է Դավթի կողմից Մարութա Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման դրվագը, որով սկսվում է Սասնո տան ու պետականության վերելքը, ինչպես նաև Դավթի և Մսրա Մելիքի մենամարտի բարոյական իմաստը։
Խոսելով իր վրա ազդեցություն գործած դրվագի մասին՝ նա առանձնացրեց Փոքր Մհերի՝ Ագռավաքարում փակվելու տեսարանը․ «Այն կարելի է կարդալ բազմաթիվ մակարդակներով՝ որպես հերոսի ճակատագիր, որպես արդարության սպասում, հուսահատություն և օտարում։ Հետաքրքիր է, որ Մհերը չի մահանում, նա սպասման մեջ է և, ըստ էպոսի, պետք է վերադառնա այն ժամանակ, երբ աշխարհը պատրաստ լինի նրա վերադարձին։ Մենք սպասում ենք Մհերին, բայց նա էլ մեզ է սպասում»։
Հարցին, թե ում հետ կուզենար հանդիպել էպոսի հերոսներից, Համբարձումյանը պատասխանեց, որ կընտրեր Դավթին ու կհարցներ․ «Ինչո՞ւ սուտ երդվեցիր Խաչ Պատերազմին սրբության վրա։ Խոստացար կռվի գնալ, բայց չգնացիր»։
Իսկ եթե Դավիթը հայտնվեր 2026 թվականի Հայաստանում, գրականագետի կարծիքով, նրան ամենից շատ կզարմացներ աշխարհի բարդ լինելը․ «Նրա աշխարհում շատ բաներ հստակ են՝ տուն և օտարություն, բարեկամ և թշնամի, արդար և անարդար կռիվ։ Մեր ժամանակներում այդ սահմանները հաճախ շատ ավելի բարդ են»։
Վերջում, դիմելով այն երեխային, որն առաջին անգամ բացելու է «Սասունցի Դավիթը», Հայկ Համբարձումյանն ուղղակի մաղթեց. «Բարի ընթերցում։ Մնացածը երեխան կհասկանա, նրան ուղղորդել պետք չէ»։

