1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման կարգավորումները կփոխվեն
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկել է երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ իրականացնել։
Մասնավորապես, նախարարության կողմից e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգել մինչև 2031 թ․ դեկտեմբերի 31-ը։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է 2020 թ.-ի մայիսի 14-ի ՀՀ կառավարության թիվ 968-Լ որոշմամբ հաստատված՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շարունակականության ապահովման համատեքստում երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգել մինչև 2031 թ.-ի դեկտեմբերի 31-ը՝ ծրագրում կատարելով որոշակի փոփոխություններ։
Միաժամանակ, նախատեսվում է ծրագրում կատարել որոշակի փոփոխություններ՝
-աջակցության չափը սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից և հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի չափից,
-ընտանիքի՝ այլ գույք չունենալու պայմանն առավել նպատակային կիրառելու համար, պայմանի ստուգումն իրականացնել դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների կտրվածքով, որպեսզի բացառվեն գույքի պայմանական օտարումները,
-անշարժ գույքի արժեքի սահմանաչափն անկախ երեխայի կարգաթվից սահմանել 40 մլն դրամ՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը,
-հաշվի չառնել դիմելու օրվա դրությամբ 12 ամիս մարումների առկայությունը և հնարավորություն տալ շահառուներին երեխայի ծնվելուց հետո՝ մինչև նրա 1 տարին լրանալը դիմել և ստանալ աջակցությունը։
Նախագծի հաստատումից հետո այն ուժի մեջ կմտնի 2027 թ․ հունվարի 1-ից։

