Մեկնարկել է Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցի վերակառուցումը․ կկառուցվի 272 մետրանոց էստակադա (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր տեղում մեկնարկեցինք Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի շինարարությունը։ Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում», – նշել է Ավինյանը Facebook–յան իր էջում։
Ավինյանը հայտնել է, որ 1.5 մլրդ դրամանոց այս խոշոր ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։

«16 ամիս անց այստեղ կունենանք անվտանգ ու անխափան երթևեկություն», – նշել է Ավինյանը։
Նա նաև հայտնել է, որ կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։
«Արդյունքում, քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն։ Կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը։ Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ», – նշել է Ավինյանը։

