Արդշինբանկը մասնակցեց Սպանդարյան ջրանցքի վերակառուցման մեկնարկից մեկ տարի անց կազմակերպված այցելությանը՝ աշխատանքների տարածք

30.09.2026, 14:15
Այցի ժամանակ ներկայացվեց ջրանցքի վերականգնվող հատվածների վիճակը ծրագրի սկզբից մեկ տարի անց և շինարարության հաջորդ փուլերի ժամանակացույցը
Արդշինբանկը մասնակցեց Սպանդարյան ջրանցքի վերակառուցման մեկնարկից մեկ տարի անց կազմակերպված այցելությանը՝ աշխատանքների տարածք

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արդշինբանկը մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հրավերով Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի նվիրատուների և աջակիցների համար կազմակերպված այցելությանը՝ ծանոթանալու վերակառուցման աշխատանքների ընթացքին, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Այցի ժամանակ ներկայացվեց ջրանցքի վերականգնվող հատվածների վիճակը ծրագրի սկզբից մեկ տարի անց և շինարարության հաջորդ փուլերի ժամանակացույցը։

Հիշեցնենք, որ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը հիմնադրամի առանցքային ծրագրերից է. այն 2025 թվականին «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի շուրջ համախմբեց Հայաստանի և Սփյուռքի հազարավոր նվիրատուների։ Կարևորելով ջրանցքի վերականգնման տնտեսական նշանակությունը՝ ծրագրին աջակցել է նաև Արդշինբանկը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նվիրաբերելով 10 մլն դրամ։

Ծրագրի նպատակն է վերականգնել Սիսիան համայնքի 6 գյուղերի գյուղատնտեսական հողերի ոռոգման հնարավորությունը։ Վերակառուցման ավարտից հետո շուրջ 2,800 հեկտար հողատարածք կստանա ոռոգման հնարավորություն, իսկ 730 ընտանիք կդառնա ծրագրի անմիջական շահառու։

Մինչև 70% վթարված ջրանցքի վերականգնումը կարևոր նշանակություն ունի Սիսիանի գյուղատնտեսական ներուժի համար։ Կայուն ոռոգումը հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել հողերը, զարգացնել գյուղատնտեսությունը և իրականացնել երկարաժամկետ ներդրումներ՝ միաժամանակ ամրապնդելով ջրային ու պարենային անվտանգությունը։ 

«Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը միայն ոռոգման համակարգի վերականգնում չէ։ Այն հնարավորություն է տալիս ընդլայնել Սյունիքի մարզի տնտեսական գործունեությունը և նոր հեռանկարներ ստեղծել համայնքների համար։ Արդշինբանկը 2025 թվականին աջակցեց այս ծրագրին՝ գիտակցելով այն արդյունքը, որ ջրանցքի վերականգնումը կարող է ունենալ մարզի գյուղատնտեսության և համայնքների զարգացման համար»,– նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանի խոսքով՝ ջրանցքի առաջին երկու հատվածների վերակառուցումը նախատեսվում է ավարտել 2027 թվականի կեսին, որից հետո ոռոգման ջուրը կհասնի առաջին գյուղեր։

Սպանդարյանի ջրանցք այցի շրջանակում տեղի է ունեցել նաև խորհրդանշական միջոցառում․ նվիրատուներն ու գործընկերները ստորագրություններ են թողել ապագա քանդակի համար նախատեսված հուշատախտակին։ 

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 912,000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 2,400-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 73 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ 

Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Positive)) և Fitch (BB- (Positive)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: