Տագնապի ազդանշան տված Flydubai-ի օդանավի օդաչուները ռուս և ուկրաինացի են․ ԶԼՄ

30.09.2026, 14:08
Դուբայից Թել Ավիվ չվերթն իրականացնող Flydubai-ի օդանավում գրանցված ծեծկռտուքը տեղի է ունեցել ռուս և ուկրաինացի օդաչուների միջև
Տագնապի ազդանշան տված Flydubai-ի օդանավի օդաչուները ռուս և ուկրաինացի են․ ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դուբայից Թել Ավիվ չվերթն իրականացնող Flydubai-ի օդանավում գրանցված ծեծկռտուքը, որի պատճառով ակտիվացվել էր տագնապի ազդանշանը, տեղի է ունեցել ռուսական և ուկրաինական ծագում ունեցող օդաչուների միջև, հայտնում է ՌԲԿ–ն՝ հղում անելով իսրայելական Channel 12 հեռուստաալիքին։

Flydubai-ը հաստատել է վեճի փաստը՝ նշելով, որ այն շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ օդաչուներից մեկը չի կորցրել գիտակցությունը, սակայն չի հստակեցրել նրանց ծագումը:

«Անվտանգության հետ կապված միջադեպ չկա», — ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Channel 12-ը:

Ինչպես «Ռադիո ՌԲԿ»-ին հայտնել են Flydubai-ից, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուկ օդանավակայանում, բոլոր ուղևորներն անվտանգ են: Ավիաընկերությունն ընդգծել է, որ իր մասնագետները սերտորեն համագործակցում են իշխանությունների հետ:

Իսրայելական i24 հեռուստաալիքի տվյալներով՝ իշխանությունները ստուգում են այն վարկածը, որ օդաչուներից մեկը կարող էր դիտավորյալ փորձել կործանել ինքնաթիռը: Ենթադրվում է, որ նրա գործողությունները կանխել են երկրորդ օդաչուն և իսրայելցի ուղևորները, որոնք պայքարի մեջ են մտել նրա հետ և կանխել աղետը:

Flydubai ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որը թռչում էր Դուբայից Թել Ավիվ, տագնապի ազդանշան է տվել սեպտեմբերի 30-ի առավոտյան: Boeing 737 MAX օդանավում գտնվում էր ավելի քան 150 ուղևոր: Սկզբում փոխանցվել էր 7700 ծածկագիրը, իսկ այնուհետև՝ 7500 ծածկագիրը, որն օգտագործվում է հնարավոր զավթման դեպքում: Կապն անձնակազմի հետ կորել էր, սակայն վերականգնվել էր մի քանի րոպե անց:

Միջադեպից հետո ինքնաթիռին ուղեկցել են սկզբում իսրայելական, իսկ այնուհետև՝ սաուդյան կործանիչները: Օդաչուներին դուրս են բերել ինքնաթիռից, իսկ ուղևորներին ասվել է մնալ օդանավում: Նրանց Իսրայել կտեղափոխեն հավելյալ չվերթով:

Միջադեպի ընթացքում անցկացվել են արտակարգ խորհրդակցություններ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության մասնակցությամբ:

«Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, և այժմ ձեռնարկվում են բոլոր միջոցները իսրայելցի ուղևորների անվտանգ վերադարձը Իսրայել ապահովելու համար», — հայտարարել են վարչապետի աշխատակազմում: