ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անշարժ գույքի որոնման հարցն այսօր շատ ակտուալ է Հայաստանում։ Շուկայում հեշտությամբ կողմնորոշվելու, հարմար տարբերակ գտնելու կամ սեփական առաջարկը ներկայացնելու համար գործարկվել է անշարժ գույքի որոնման նոր ծառայություն` Tunmun.am–ը։
Tunmun.am ծառայության համահիմնադիր, SkyLabs, CMO Bololex կրիպտոարժույթների տերմինալների ցանցի մարկետինգի տնօրեն Անդրանիկ Թողրամաջյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում ներկայացրել է անշարժի գույքին նվիրված նոր կայքի առանձնահատկություններն ու առավելությունները, ՀՀ–ում անշարժ գույքի շուկայի զարգացման հեռանկարներն ու արդյունավետ հայտարարություն կազմելու գաղտնիքները։
«Նովոստի–Արմենիա». ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել նախագծի ստեղծման գաղափարը։
Ա. Թողրամաջյան. ես և իմ բիզնես գործընկերը Հայաստան ենք եկել Ռուսաստանից և Բելառուսից։ Վաղուց էինք պլանավորել Հայաստանում իրականացնել սեփական նախագծերը կամ սթարթափերը և այդ ուղղությամբ սկսել էինք աշխատել Հայաստան տեղափոխվելուց առաջ։
Ես ունեի աշխատանքային փորձ անշարժ գույքի ոլորտում. Մոսկվայում զբաղվում էի էլիտար անշարժ գույքով և բրոքերիջով, կապ եմ ունեցել այնպիսի խոշոր կայքերի հետ, ինչպիսիք են Яндекс Недвижимость–ն ու Циан–ը։ Ավելի ուշ իմացա, որ Հայաստանում նման ռեսուրս չկա, այդ պատճառով հանդես եկա նման նախագիծ ստեղծելու գաղափարով։
Ծառայության ստեղծման աշխատանքը սկսել ենք 2019թ.–ին և ավարտել ենք այս տարվա գարնանը, ինչը համընկավ Հայաստանում զանգվածային ռելոկացիայի ալիքի և անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի ավելացման հետ։ Այդ կապակցությամբ փորձում ենք պայքարել գների բարձրացման դեմ, հրապարակել ավելի շատ առաջարկներ` վաճառողների և վարձատուների շրջանում մրցակցությունը բարձրացնելու համար։
«Նովոստի-Արմենիա». ինչո՞վ է ձեր կայքը տարբերվում մյուս ագրեգատորներից: Ո՞րն է նրա առանձնահատկությունն ու առավելությունը:
Ա. Թողրամաջյան. ուզում էինք գործարկել կայք անշարժ գույքի մասին, որտեղ կտրամադրենք անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալություն ու հողատարածքի գնում, նորակառույցներ, քլինինգ, դիզայն և ոչ միայն: Այնպես ենք անում, որ մարդը կարողանա անշարժ գույքի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները գտնել մեկ կայքում: Հենց դրանով էլ տարբերվում ենք մնացած ծառայություններից:
Հիմա ավարտում ենք կարճաժամկետ վարձակալությունն ամրագրելու և վճարելու հնարավորության ստեղծումը՝ Airbnb-ի նման: Բացի վճարման դասական ձևից, ուզում ենք ներգրավել մարդկանց, որոնք կկարողանան վճարել կրիպտոարժույթով:
Մեզ համար կարևոր է, որպեսզի ամեն ինչ լինի առավելագույնս թափանցիկ և մանրակրկիտ: Հիմա ակտիվորեն ավելացնում ենք ներուժն ու օգտատերերի թիվը: Այս պահին արդեն ունենք ամսական շուրջ 35 հազար ունիկալ օգտատեր:
«Նովոստի-Արմենիա». ո՞ր լսարանին է ուղղված ծառայությունը:
Ա. Թողրամաջյան. մեր կայքի այցելուների 50%-ը Հայաստան տեղափոխվածներ են, առյուծի բաժինը հասնում է Ռուսաստանից տեղափոխվածներին: Մյուս մասը տեղացիներ են, որոնց հետ հիմա փորձում ենք ընդհանուր լեզու գտնել, որպեսզի կարողանանք ծառայությունն առավելագույնս հարմար դարձնել նրանց համար: Բնակարաններ վարձակալողների հիմնական մասն այլ երկրներից եկածներն են կամ եվրոպացի զբոսաշրջիկները, ինչպես նաև ուսանողները:
Մենք կողմ ենք, որպեսզի մարդիկ դիտարկեն բնակարանի տարբերակներ ոչ միայն Երևանում, այլև մարզերում, քանի որ այնտեղ ևս հիմա հայտնվում են շահավետ առաջարկներ, կառուցվում են նոր բնակելի համալիրներ: Կարծում ենք, որ Հայաստանը կարող է ուժեղ լինել, եթե մարդիկ սկսեն վերադառնալ իրենց հարազատ քաղաքները՝ երկրի մարզերում:
«Նովոստի-Արմենիա». կա՞ Հայաստանի մարզերում անշարժ գույքի պահանջարկի և առաջարկի վիճակագրություն:
Ա. Թողրամաջյան. գաղտնիք չէ, որ պահանջարկի գրեթե 80%-ը բաժին է հասնում Երևանին, քանի որ քաղաքում կան մեծ թվով նորակառույցներ, տարեկանում հայտնվում են վարձակալության և վաճառքի բազմաթիվ տարբերակներ:
«Նովոստի-Արմենիա». քայլեր ձեռնարկու՞մ եք մարզերում բնակարանների նկատմամբ օգտատերերի հետաքրքրությունը բարձրացնելու համար:
Ա. Թողրամաջյան. մեր ծառայությունն աշխատում է երկրի ամբողջ տարածքում: Ունենք նաև սոցցանցեր, որտեղ ժամանակ առ ժամանակ ներկայացնում ենք հետաքրքիր տարբերակներ այլ քաղաքներում: Օրինակ, հեռավար աշխատանքի շնորհիվ բազմաթիվ մարդիկ հիմա կարող են չբնակվել Երևանում, այդ պատճառով նրանք կարող են լավ բնակարան վարձակալել օրինակ Դիլիջանում:
Փորձում ենք մեծ ուշադրություն դարձնել մարզերին, ինքներս շատ ենք ճամփորդում Հայաստանով: Մեր մարզերը պետք է ակտիվորեն զարգանան, քանի որ, ցավոք, մայրաքաղաքի և մարզերի բնակչության սալդոն բացասական է: Եթե 50 տարի էլ այսպես շարունակվի, մարզերում կարող է մարդ չմնալ, այդ պատճառով պետք է հենց հիմա զբաղվել այս հարցով:
«Նովոստի-Արմենիա». ի՞նչ չափորոշիչների պետք է համապատասխանի հայտարարությունը, որպեսզի այն հրապարակվի կայքում:
Ա Թողրամաջյան. օգտատերը պետք է լրացնի բոլոր տվյալները, բոլոր ֆիլտրերը, ավելացնի նկարագրություն, որն ավտոմատ կերպով կթարգմանվի երեք լեզվով (հայերեն, անգլերեն, ռուսերեն), պետք է ավելացնի լուսանկարներ: Մարդիկ նաև թողնում են իրենց կոնտակտները, որոնք մենք անպայման ստուգում ենք:
Լուսանկարները պետք է լինեն լիարժեք և որակյալ, պետք է լինեն հնարավորինս շատ լուսանկարներ: Շուտով ավարտում ենք նեյրոցանցը, որը թույլ կտա ստուգել պատուհանից երևացող տեսարանը հրապարակված հայտարարություններում՝ համեմատելով տան նշված հասցեն նրա մերձակայքի հետ: Փորձում ենք պայքարել ֆեյքերի դեմ, քանի որ մեծ թվով գործակալներ փորձում են ներկայացնել գոյություն չունեցող բնակարաններ:
Ունենք աշխատակիցներ, որոնք օգնում են հրապարակել հայտարարությունը, իսկ հետո ապահովում են հետադարձ կապ: Գործակալությունները հիմա կայքում շատ քիչ հայտարարություններ են հրապարակում, մենք գրեթե չենք աշխատում նրանց հետ, քանի որ շեշտը դնում ենք սեփականատերերի վրա:
«Նովոստի-Արմենիա». կայքում կա՞ն գործակալությունների առաջարկներ:
Ա. Թողրամաջյան. գործակալությունների հարցում ընտրողաբար ենք մոտենում, հիմա ավարտում ենք գործակալությունների վարկանիշի համակարգը: Գործակալություններն անպայման պետք է գրանցված լինեն, ունենան գրասենյակ, կոնտակտային տվյալներ, ստուգված օբյեկտներ: Նրանք կունենան որոշակի վարկանիշ կայքում, մանրամասն մշակում ենք օգտատերերի կողմից բողոք ուղարկելու հնարավորությունը: Այս համակարգի ներդրումից հետո կսկսենք ներգրավել գործակալությունների:
«Նովոստի-Արմենիա». ինչպե՞ս է աշխատում ծառայության անվտանգության համակարգը:
Ա. Թողրամաջյան. անվտանգության հարցը չափազանց կարևոր է մեզ համար, այդ պատճառով ստուգում ենք լուսանկարները, սեփականատերերին, պահանջում ենք փաստաթղթեր: Մեզ համար կարևոր է, որպեսզի կայքում ներկայացված տեղեկատվությունը լինի հավաստի և ակտուալ: Չենք ուզում, որպեսզի մարդիկ, որոնք այդքան էլ լավ գլուխ չեն հանում շուկայից, զուր տեղը գումար վատնեն: Այս պահին ստուգումներն իրականացվում են ձեռքով, փորձում ենք դրան մեծ ուշադրություն դարձնել:
«Նովոստի-Արմենիա». այս պահին կայքում որքա՞ն հայտարարություն կա:
Ա. Թողրամաջյան. այս պահին կայքում արդեն հրապարակվել է մի քանի հազար հայտարարություն բոլոր ուղղություններով:
«Նովոստի-Արմենիա». ագրեգատորի աշխատանքի ընթացքում ի՞նչ ձեռքբերում կարող եք նշել:
Ա. Թողրամաջյան. մեր ձեռքբերումները չափվում են մեր օգտատերերի հաջող քեյսերի թվով, ովքեր մեր ծառայության շնորհիվ կարողացել են գտնել բնակարան և այլ անշարժ գույք: Հետագայում ևս մենք նախագծի հաջողությունը «չափելու ենք» օգտատերերի թվով: Մեր առջև նպատակ ենք դրել առաջիկա մեկուկես տարում դառնալ անշարժ գույքի հետ կապված խոշորագույն կայքը Հայաստանում:
«Նովոստի-Արմենիա». ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու այդ նպատակին հասնելու համար, հետագայում ի՞նչ ծրագրեր ունեք:
Ա. Թողրամաջյան. մեր հետագա ծրագիրը կապված է նախագծի մոնետիզացիայի հետ, մասնավորապես, կավելացնենք կարճաժամկետ վարձակալության ծառայությունը, որը շատ պահանջված է Հայաստանում: Հետագայում նախատեսում ենք ավելացնել լրացուցիչ ծառայությունների շրջանակը, ներդնել իրավաբանական, նոտարական ծառայություններ, որպեսզի անշարժ գույքի հետ կապված բոլոր գործողությունները հնարավոր լինի կատարել մեկ պատուհանի շրջանակում:
Ինչ վերաբերում է ծառայության աշխարհագրության ընդլայնմանը, ապա ուզում ենք զարգացնել նախագիծը Հայաստանում, որպեսզի մոդելն աշխատի և լինի առավելագույնս որակյալ, իսկ հետո արդեն կդիտարկենք մյուս երկրները: 3-5 տարում նախատեսում ենք ծառայությունը բացել Վրաստանում և Ղազախստանում:
«Նովոստի-Արմենիա». կարո՞ղ եք խորհուրդ տալ օգտատերերին, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել հայտարարության մեջ՝ խաբեբաների ծուղակում չհայտնվելու և լավ առաջարկ գտնելու համար:
Ա. Թողրամաջյան. չի կարելի գումար փոխանցել, գրավ և կանխավճար թողնել առանց ստորագրված փաստաթղթերի: Պետք է միշտ չափազանց ուշադիր լինել փաստաթղթեր և պայմանագրեր ստորագրելիս, ստուգել այն մարդկանց անձնագրերը, վկայականները, որոնց հետ պատրաստվում եք գործարք կնքել:
Երկրորդը. պետք է միշտ ուշադրություն դարձնել հայտարարության մեջ առավելագույն նկարագրությանը, քանի որ այն հաճախ չի համապատասխանում իրականությանը: Բնակարանը կարող է գեղեցիկ լինել, բայց մուտքը կամ շենքը վատ վիճակում են: Պետք է նաև ուշադրություն դարձնել այն մարդու վարքագծին և բնավորությանը, որի հետ գործարք եք կնքում:
«Նովոստի-Արմենիա». եկեք այլ կողմից նայենք՝ ինչպես կազմել հայտարարությունն այնպես, որպեսզի այն լինի առավելագույնս արդյունավետ և գրավիչ:
Ա. Թողրամաջյան. մարդկանց առաջարկում ենք հայտարարության մեջ նշել անշարժ գույքի հատակագիծը, վերանորոգման ոճը, շենքը, որտեղ գտնվում է բնակարանը, շրջակա ենթակառուցվածքը: Մեր կայքում նույնիսկ կա առանձին նշում՝ «Տեսարան՝ դեպի Արարատ», այսինքն՝ կարելի է նշել գեղեցիկ տեսարան պատուհանից, հանգիստ հարևաններ, ինչը ևս կդառնա ձեր առաջարկի առավելությունը: Միշտ հիշեք, որ մարդը պետք է հնարավորինս շատ բան հասկանա ձեր նկարագրությունից, այդ պատճառով այն պետք է մեծ լինի:
«Նովոստի-Արմենիա». ձեր կարծիքով՝ Հայաստանի անշարժ գույքի շուկան զարգացման ի՞նչ հեռանկարներ ունի:
Ա. Թողրամաջյան. անշարժ գույքի շուկան աճելու է, առաջարկվելու են ավելի շատ բնակարաններ, քանի որ նորակառույցները հիմա որոշակի բում են ապրում: Երևանի վթարային շենքերի հին բնակֆոնդն աստիճանաբար փոխարինվելու է հետաքրքիր նորակառույցներով: Հայաստանում ավելանալու է բնակչության թիվը, մարդիկ շատ են այցելելու, բայց մեր շուկայի շրջանակում մենք կկարողանանք նոր պայմաններում պահպանել անշարժ գույքի որոշակի արժեք:
Մարզերի դեպքում անհրաժեշտ է ավելի կենտրոնացված մոտեցում: Տեսնում ենք, որ շինարարների մոտ աստիճանաբար ավելանում են նախագծեր մարզերում, քանի որ Երևանում ազատ մակերեսների թիվն այնքան էլ մեծ չէ: Կարծում եմ, որ կզարգանա նաև ամառանոցային մասնավոր շինարարությունը, այսինքն՝ կհայտնվեն նոր գյուղեր:-0-Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում