Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարման մեկ տարվա կարևորագույն ձեռքբերումը Հայաստանի անվտանգության ամրապնդումն է. Աշոտյան
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Սերժ Սարգսյանի` նախագահի պաշտոնում երկրորդ անգամ ընտրվելու մեկ տարվա ընթացքում կարևորագույն ձեռքբերումը Հայաստանի անվտանգության ամրապնդումն ու արտաքին քաղաքական գործընթացներում երկրի նշանակության բարձրացումն է, կարծում է ՀՀԿ–ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Սարգսյանը վերընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում` ստանալով քվեների 58,64 տոկոսը։ Ընտրությունների արդյունքում պարտված «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը (36,74%) չի ընդունել քվեարկության արդյունքները։
«Ամեն տարին մեր առջև նոր մարտահրավերներ է դնում, որոնց արձագանքելը, Սերժ Սարգսյանի գործողությունների ծրագրի շնորհիվ, թույլ է տալիս առավել մեծ վստահությամբ նայել դեպի անկախ հայկական պետության ապագան», – հայտարարել է Աշոտյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ ունեցած զրույցում։
Նրա կարծիքով` այս ժամանակաընթացքում, հետընտրական զարգացումների հետևանքով փաստացի չունենալով լուրջ ընդդիմադիր քաղաքական հենարան, նախագահն ու նրա թիմը ստիպված էին աշխատել ավելի ուշադիր և կշռադատված`ինքն իրեն ենթարկելով շատ ավելի խիստ քննադատության, քան կարող էր լինել ցաքուցրիվ եղած ընդդիմադիր քաղաքական դաշտի կողմից։
«Ես օգտագործում եմ «հենարան» բառն առանց հեգնանքի, քանի որ կայացած, լուրջ ընդդիմությունը, իսկապես, հենարան է ցանկացած իշխանության համար», – ասել է Աշոտյանը։
Ինչ վերաբերում է տնտեսական գործընթացներին, ապա ՀՀԿ–ի փոխնախագահի կարծիքով, Հայաստանի տնտեսությունը կարողացել է դիմակայել նախորդ տարվա մարտահրավերներին, որոնք պայմանավորված էին համաշխարհային տնտեսական խնդիրներով և շուկայի պահպանման հարցերով։
«Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման չորս տարիների ընթացքում մեր հաջողությունները կլինեն կայուն և տեսանելի ցանկացած քաղաքացու համար», – ասել է Աշոտյանը։–0–

