Քադաֆիի ռեժիմի անկումը կարող է Լիբիայում քաղաքացիական պատերազմի հանգեցնել. հայ քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լիբիան քաղաքացիական պատերազմի սպառնալիքի առջև կկանգնի Մուամար Քադաֆիի ռեժիմի անկման դեպքում, ով չորս տասնամյակ է՝ պահում է ռեժիմը, կարծում է հայ փորձագետ Սերգեյ Շաքարյանցը:
Օգոստոսի 22-ի գիշերը լիբիացի ապստամբները ներխուժել են Տրիպոլի և այժմ վերահսկում են Լիբիայի մայրաքաղաքի մեծ մասը: Լիբիայի առաջնորդի ճակատագրի մասին դեռևս տեղեկատվություն չկա: Ըստ որոշ տվյալների՝ Քադաֆին դեռևս գտնվում է Բաբ Ալ Ազիզիա թաղամասում տեղակայված իր նստավայրում, որը վերահսկում են նրա հավատարիմ զինվորականները:
«Եթե Քադաֆիի ընտանիքը, նրա մտերիմներն ու կողմնակիցներն ինքնակամ ճանաչեն իրենց պարտությունը, ապա կծավալվի բավականին երկարատև և շատ լուրջ հետևանքներ ունեցող քաղաքացիական պատերազմ: Դեռևս հայտնի չէ, թե ինչի կարող է հանգեցնել նման պատերազմը», - ասաց Շաքարյանցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
Քադաֆիի ռեժիմի անկումից հետո քաղաքացիական պատերազմի ծավալման հիմնական պատճառը փորձագետը կարծիքով կարող է լինել այսպես կոչված Անցումային կառավարության «խայտաբղետությունը», որտեղ «վաղ թե ուշ ևս իշխանության համար պայքար կսկսվի»:
«Այս ամենի հետևանքով խաղաղ բնակիչները կմնան նույն կերպ աղքատ կամ կիսաաղքատ, իսկ տարածաշրջանին բացարձակ ապակայունացում է սպառնում», - նշեց Շաքարյանցը:
Փետրվարի կեսին Լիբիայում զանգվածային ցույցեր սկսվեցին՝ Քադաֆիի հրաժարականի պահանջով, որոնք վերաճեցին զինված դիմադրության կառավարական ուժերի և խռովարարների միջև: Այս դիմադրության զոհերի թիվը հասնում է հազարների:
ՄԱԿ-ի ԱԽ-ի հավանությամբ մարտին Լիբիայում սկսվեց կոալիցիոն ուժերի օպերացիան՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Բելգիայի, Իտաիայի, Իսպանիայի և Դանիայի մասնակցությամբ: Ավելի ուշ Լիբիայում ընթացող օպերացիայի ղեկավարությունն ամբողջովին անցավ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներկայացուցիչներին:
Լիբիայի արևելքում գտնվող Բենգազի քաղաքում փետրվարի 27-ին ապստամբներն Անցումային ազգային խորհուրդ (ԱԱԽ) ձևավորեցին, որը հայտարարեցին երկրում իշխանության միակ լեգիտիմ մարմինը: Խորհրդի կազմում ներառվեց Լիբիայի արևելքի տարբեր շրջաններից ընդդիմության շուրջ 30 ներկայացուցիչ՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:
Հուլիսի 15-ին ավելի քան երեք տասնյակ երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն Մուամար Քադաֆիի ռեժիմը ճանաչեցին ոչ լեգիտիմ և փաստացի կերպով հայտարարեցին, որ Լիբիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչն ընդդիմադիր խորհուրդն է: Երկուշաբթի ԱԱԽ-ի ճանաչման մասին հայտարարեցին Եգիպտոսն ու Քուվեյթը: Մի շարք երկրներում, այդ թվում նաև Չեխիայում և Ալժիրում Լիբիայի դեսպանատների շենքերի վրա բարձրացվել է լիբիացի ապստամբների դրոշը:-0-

