Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կարող են ներքաշվել ղարաբաղյան նոր պատերազմի մեջ, եթե այն վերսկսվի, կարծում է Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան ծրագրի տնօրեն Լորենս Շիտսը:
«Նոր պատերազմ կարող է ծագել ոչ միայն Ղարաբաղի տարածաշրջանում, այլև նրա սահմաններից դուրս: Պատերազմը վտանգավոր կլինի նրանով, որ նրանում կարող են ներքաշվել Ռուսաստանը, Թուրքիան և նույնիսկ Իրանը: Եվ սա բավականին մտահոգիչ հանգամանք է», - ասել է Շիտսը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված օն-լայն հարցազրույցում:
Փորձագետը նշել է, որ ինքը և իր կազմակերպությունը բազմիցս հայտարարել են, որ «երկու կողմերն էլ վերջին երկու տարվա ընթացքում օգտագործել են թշնամական հռետորականություն»: «Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ նոր պատերազմը բացարձակապես այլ բնույթ կունենա՝ ի տարբերություն 1994 թ.-ից առաջ տեղի ունեցածի: Այս ամենը վերջին տարիների ընթացքում կողմերի սպառազինման պատճառով է, և տեղեկատվական ամփոփագրերի համաձայն՝ սպառազինումը շարունակվում է», - ասել է Շիտսը:
Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է ուժային միջոցով ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավորության մասին: Հայկական կողմը ձեռնպահ է մնում ռազմատենչ հռետորականությունից՝ միայն պատրաստակամություն հայտնելով դիմակայել հնարավոր ագրեսիային:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
Հայաստանին և Ադրբեջանին հետաքրքրող խնդիրների և գործընթացների վերաբերյալ երկու երկրների լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են «Այլընտրանքային տեղեկատվություն հայ-ադրբեջանական երկխոսությունում» նախագծի շրջանակներում:
Այս ակտուալ հարցազրույցներն «առաջին ձեռքից» հայ և ադրբեջանցի լրագրողները հրապարակում են իրենց ԶԼՄ-ներում:
Ռեգիոն հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում են Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատները:-0-