Սպիվակովն ու Մացուևը Երևանում ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ

06.06.2011, 21:47
Սպիվակովն ու Մացուևը Երևանում ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ
Սպիվակովն ու Մացուևը Երևանում ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի բացառիկ հարցազրույցը

Նովոստի-Արմենիա». Վերջերս Երիտասարդական նվագախումբը հաճախ է ելույթ  ունենում այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Մաքսիմ Վենգերովը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: Նմանատիպ մասշտաբի ի՞նչ համերգներ ենք նախատեսում առաջիկայում:

Ս. Սմբատյան. Չեմ ուզում անհամեստ երևալ, սակայն այսօրվա դրությամբ Երիտասարդական նվագախումբը հասել է այդ մակարդակին, և դրա վկայությունն են բավականին հայտնի երաժիշտների կողմից համատեղ ելույթների բազմաթիվ հրավերները: Երաժշտական միջավայրում կան վարպետներ, ովքեր իրենց արվեստի հիմնադիրներն են: Նրանց թվում են Վլադիմիր Սպիվակովը և Դենիս Մացուևը, ով այս աշնանը Երևանում համերգ կունենա:

Ինչ վերաբերում է Մաքսիմ Վենգերովին, ապա դա բացառիկ դեպքն է: Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ հանրապետություն է եկել հայտնի երաժիշտ ոչ միայն որպես կատարող, այլ նաև որպես դիրիժոր և տեղի նվագախմբի հետ համերգային ծրագիր ներկայացրեց: Կարծում եմ, որ այս ամենը հատուկ ուշադրության է արժանի, քանի որ Վենգերովը պրոֆեսիոնալ է, հասել է այն ամենին, ինչին կարելի է հասնել երաժշտական կարիերայում, և ահա նա եկավ Երևան և ելույթ ունեցավ Երիտասարդական նվագախմբի հետ:

Պիետրոդարկիի հետ ելույթը մեր ողջ կոլեկտիվի և իմ հատուկ հպարտության առարկան է: Պիետրոդարկիի հետ համերգը տեղի ունեցավ Մաքսիմ Վենգերովի հետ համերգից 20 օր հետո: Այն բացարձակապես այլ ձևաչափի և երանգի ելույթ էր, երաժշտական միտումների այլ ընկալում:

«Նովոստի-Արմենիա». Այս տարի Երիտասարդական նվագախումբը դառնում է հինգ տարեկան: Նախատեսո՞ւմ եք, արդյոք, թողարկել հոբելյանական ձայնասկավառակ և որտե՞ղ եք ծրագրում հանդես գալ հյուրախաղերով:

Ս. Սմբատյան. Մենք շատ ենք ցանկանում ձայնասկավառակ թողարկել՝ նվիրված նվագախմբի հոբելյանին: Կարծում եմ, որ երգացանկում կներառվեն Շոստակովիչի և Չայկովսկու ստեղծագործությունները: Բացի այդ, առաջիկայում Երիտասարդական նվագախումը նախատեսում է հյուրախաղերով հանդես գալ Եվրոպայում, Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում:

«Նովոստի-Արմենիա» . Այս տարի Մաքսիմ Վենգերովը Հայաստանում տվեց «Ամեն երեխա ընտանիքի կարիք ունի» սոցիալական ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում հանրապետության մարզերում տեղի կունենան ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական նվագախմբի ելույթները ձեր ղեկավարությամբ: Ե՞րբ եք նախատեսում սկսել ելույթները և ինչպե՞ս ստացվեց, որ դուք դարձանք նաև այդ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

Ս. Սմբատյան. ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական նվագախումբը բացառիկ է Հայաստանում ֆենոմենալ երաժշտական ավանդույթների շնորհիվ: Ինչպես գիտեք, ՅՈՒՆԻՍԵՖ-ը միջազգային ամենահայտնի կազմակերպություններից է, և Մաքսիմ Վենգերովն արդեն ավելի քան տասը տարի է՝ այդ կազմակերպության բարի կամքի դեսպանն է: Երբ նա եկավ Երևան, ես պատմեցի նրան նվագախմբի մասին, և նա երկար ժամանակ չէր կարողանում հավատալ իմ խոսքերին: Երաժիշտը երկար ժամանակ նմանատիպ նվագախումբ ստեղծելու գաղափար էր փայփայում: «Ամեն երեխա ընտանիքի կարիք ունի» ծրագիրը ողջ աշխարհին ուղղված ուղերձ է: Մենք կարծում ենք, որ մանկատների մոդելն անընդունելի է նորմալ հասարակության համար, այն չպետք է լինի, սակայն, ցավոք, փաստ է, որ այն կա: Այդ պատճառով մեր ընկալմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական նվագախումբը երաժշտության միջազգային լեզվի միջոցով երեխաների իրավունքների հաստատումն է: Կարծում եմ, որ մենք կիրականացնենք մեր ծրագիրը Հայաստանի մարզերում մինչև այս տարվա աշուն:

Ինչ վերաբերում է մանկական նվագախմբի իմ ղեկավարությանը, ապա պետք է ասեմ, որ ես Սպիվակովի հիմնադրամի թոշակառու էի, և Վլադիմիր Թեոդորովիչը ազդակ հաղորդեց ինձ և իմ կոլեկտիվին: Նվագախմբի բոլոր մասնակիցները Սպիվակովի հիմնադրամի թոշակառուներ են, և ես իմ ղեկավարությունը համարում եմ տրամաբանական շղթայի շարունակությունը:

«Նովոստի-Արմենիա». Երիտասարդական նվագախմբի աշխատանքում ի՞նչ խնդիրներ կարող եք նշել:

Ս. Սմբատյան. Ամեն տեղ կան խնդիրներ, և մենք բացառություն չենք: Սակայն բոլոր խնդիրներն անհնար է լուծել, դրա համար ողջ կյանքն անգամ չի բավականեցնի: Եթե ես դրան ուշադրություն դարձնեի, ապա համոզված եմ, որ այն կխանգարեր մեր առանցքային խնդրին: Ես պրագմատիկ լավատես եմ: Գլխավորն այն է, որ մարդը պատկերացնի, թե ով է նա և ինչ կարող է տալ հասարակությանը: Այսօր Հայաստանում, հատկապես ճգնաժամից հետո, էստրադային համերգների և թատերական ներկայացումների պակաս չկա, սակայն դրանց որակը ցանկալիից հեռու է: Մարդիկ գնում են այդ ներկայացումներին ոչ թե այն պատճառով, որ դա նրանց դուր է գալիս, այլ այն պատճառով, որ դրանք մատչելի են: Իրական արվեստը միշտ ավելի համեստ է, սակայն այդ համեստությունը ևս պետք է պրագմատիկ լինի: Մեր կոլեկտիվի ստեղծումից հետո առաջին երեք տարիների ընթացքում մենք օրական վեց-յոթ ժամ աշխատում էինք անվճար: Ուզում էինք, որ մարդիկ լավ երաժշտություն լսեն: Այսօր մենք հպարտ ենք, որ մեր համերգներն անցնում են լի դահլիճներով: Ավելի վաղ դա դժվար էր, սակայն այժմ դա դարձել է մեր աշխատանքի և մեր կենսակերպի անբաժանելի մասը: Համոզված եմ, որ մարդկանց դուր է գալիս դասական երաժշտությունը, և նրանք կարող են գնահատել այն ըստ արժանվույն:-0-