Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռ իրեն չի սպառել
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Շաքարյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը
«Նովոստի-Արմենիա» - Պրն. Շաքարյան, հունիսին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են սպասվում: Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, և ինչպե՞ս այդ զարգացումները կարտացոլվեն հայ-թուրքական հարաբերությունների վրա:
Ա. Շաքարյան – Չեմ կարծում, որ Թուրքիայի ներքաղաքական զարգացումներն էապես կարտացոլվեն Հայաստանի հետ հարաբերությունների վրա, քանի որ որքան էլ փոխվեն իշխող կուսակցությունները, Թուրքիայի շահերը միշտ անփոփոխ են մնում:
Ամենայն հավանականությամբ՝ վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կհաղթի: Էրդողանը բավականին ուշագրավ քաղաքականություն է վարում՝ պարբերաբար ազգայնամոլ հայտարարություններ է անում՝ ձգտելով իր պոտենցիալ ընտրազանգվածին ավելացնել նաև ազգայնամոլներին:
Սակայն Հայաստանի հետ հարաբերություններում, անկախ ընտրությունների արդյունքներից, ամռանը որևէ զարգացում չի լինի, քանի որ հուլիսին և օգոստոսին կսկսվի խորհրդարանական արձակուրդը: Իսկ հոկտեմբերին նախընտրական արշավ կմեկնարկի Հայաստանում, և այդ ժամանակաշրջանում ևս Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ զարգացում չարժե ակնկալել:
Թեև հարկ է նշել, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հաճախ զարմացնում է իր արտաքին-քաղաքական որոշումներով: Օրինակ, ես չեմ բացառում, որ Թուրքիան կարող է առանց որևէ նախապայմանի, առանց արձանագրությունների վավերացման, բացել Հայաստանի հետ սահմանը:
Ես կասեի, որ այդ քայլը Թուրքիայի արտաքին-քաղաքական զորանոցի գլխավոր հաղթաթուղթն է: Քայլ, որին Հայաստանը ոչնչով չի կարող պատասխանել:
2015 թ.-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Թուրքիայի համար դա ինքնատիպ հոգեբանական սահման է: Այնտեղ մտածում են, որ եթե հաջողվի չճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչև այդ տարեթիվը, ապա հետո կարելի կլինի հանգիստ շունչ քաշել: Այդ պատճառով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը Թուրքիայի համար ավելի շատ կարևոր են Ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման համատեքստում:
2015 թ.-ին մոտակա ժամանակահատվածում, երբ Անկարան կհասկանա, որ մնացած բոլոր ռեսուրսները սպառվել են, նա կարող է բացել սահմանն առանց նախապայմանների և արձանագրությունների վավերացման: Շատ բան կախված է նրանից, թե ով կղեկավարի Թուրքիան այդ ժամանակ: Սահմանի բացումը Թուրքիայի վերջին և տանուլ չտվող խաղաթուղթն է: Սակայն հարկ է նշել, որ այդ խաղաթուղթն ուժեղ է նաև նրանով, որ Թուրքիան կարող է ինչպես բացել սահմանը, այնպես էլ մի քանի ամիս անց նույն հաջողությամբ փակել այն: Հենց դրա համար Հայաստանը երբեք չի համաձայնել զիջումների գնալ ղարաբաղյան հարցում սահմանի բացմանն ի պատասխան:
Հարկավոր է նաև նշել, որ Թուրքիայում ուժեղ է նաև ադրբեջանական գործոնը՝ հատկապես խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Ընդհանրապես, Ադրբեջանը շատ ավելի կարևոր է Թուրքիայի համար, քան Հայաստանը:
«Նովոստի-Արմենիա» - Վերջերս Հայաստան այցելեցին մի խումբ թուրք մտավորականներ, ովքեր հայտարարեցին, որ թուրքական հասարակությունում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ, և իշխանություններին այլևս չի հաջողվի հասարակության վրա բարդել Ցեղասպանության ժխտումը: Կիսու՞մ եք, արդյոք, Դուք այս կարծիքը:
Ա. Շաքարյան – Իսկապես, թուրքական հասարակությունը շատ է փոխվել: Տասը տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ 2010 թ.-ի ապրիլի 24-ին մի խումբ մտավորականներ, թեկուզ փոքրաթիվ, կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նախորդ տարվա դեկտեմբերին ես այն բանի ականատեսն էի, թե ինչպես Ստամբուլի ամենամեծ համերգասրահներից մեկում անցկացվում է նախորդ դարի հռչակավոր հայ կոմպոզիտոր Կոմիտասի հուշ-երեկոն, և սլայդերի միջոցով ներկայացվեց նրա կյանքը, որը սերտորեն միահյուսված էր Ցեղասպանության պատմության հետ: Իհարկե, «ցեղասպանություն» բառը չի արտաբերվել, սակայն պատմական ճշմարտությունն, ընդհանուր առմամբ, պահպանվել էր:
Կարծում եմ՝ այդ զարգացումներն ի վերջո կհասցնեն անհարժեշտ նպատակին: Բնականաբար, դա տեղի չի ունենա վաղը կամ հաջորդ օրը, բայց Թուրքիան կկանգնի ճշմարտության ճանապարհին:
Հայ-թուրքական հարաբերություններն ապագա ունեն, դրանք մեծապես կախված կլինեն երկու երկրների ներքաղաքական զարգացումներից: Եվ, ի վերջո, տնտեսական համագործակցության որոշակի լուրջ նախագծեր կան էներգետիկայի, թեթև արդյունաբերության, տրանսպորտի և այլ ոլորտներում:--0—

