Մենք մեծ ուշադրություն կդարձնենք մեր երկրների երկկողմ հարաբերությունների խթանմանը. ՌԴ դեսպան
- Հարգելի պրն Դեսպան, առաջին հերթին ուզում եմ շնորհավորել Ձեզ և ձեր գործընկերներին Դիվանագիտական աշխատակցի օրվա կապակցությամբ, որը նշվում է փետրվարի 10-ին՝ հաջողություններ մաղթելով Ձեր ոչ դյուրին աշխատանքում։
- Շնորհակալ եմ։ Առիթից օգտվելով՝ իմ հերթին շնորհավորում եմ իմ գործընկերներին՝ մաղթելով նրանց հաջողություն, եռանդ, ուժ և խաղաղություն։
- Պրն Դեսպան, իսկ սովորաբար ի՞նչ միջոցառումներ են անցկացվում այդ օրը դեսպանատանը։
- Մեզ մոտ արդեն Դիվանագիտական աշխատակցի օրը նշելու բարի ավանդույթ է ձևավորվել։ Այդ օրը մենք ծաղիկներ ենք դնում այստեղ հանգչող խորհրդային դիվանագետների գերեզմաններին, Գրիբոյեդովի հուշարձանին, հանդիպում ենք դիվանագիտական ծառայության վետերաններին, իսկ երեկոյան դեսպանատանը մեր ընկերների շրջանակում ոչ մեծ ընդունելություն է անցկացվում։
- Վյաչեսլավ Եվգենևիչ, դառնանք աշխատանքին, կարո՞ղ եք պատմել, թե ի՞նչ է հաջողվել դեսպանատանն անել 2010թ.-ին։
-Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն առաջին հերթին կոչված է աջակցել մեր երկրների երկկողմանի հարաբերությունների զարգացմանը։ Մասնավորապես, 2010թ.-ին մենք ռուս-հայկական քաղաքական հագեցած երկխոսության ականատեսը դարձանք։ Որպես գլխավոր իրադարձություն՝ պետք է նշել օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստանի Հանրապետություն։ Պետք է ընդգծել, որ անցյալ տարի մեր երկրների նախագահները հանդիպել են ինն անգամ։ Նախագահ Դ.Ա. Մեդվեդևի պետական այցի շրջանակներում կարևոր համաձայնագրեր են ստորագրվել, որոնք հզոր ազդակ են հաղորդել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, դրա համար անհրաժեշտ բարենպաստ մթնոլորտ են ստեղծել։ Անցյալ տարվա ընթացքում բարձր կառավարական և միջտարածաշրջանային մակարդակով շուրջ 50 այց է կայացել։
Հարկ է ընդգծել, որ բոլոր հանդիպումների ընթացքում կողմերն իրենց առջև մեկ խնդիր են դրել՝ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի ամրապնդում։
Ինչպես արդեն ասացի, մեր առաջնահերթ խնդիրներից է երկու ժողովուրդների միջև կապի ամրապնդումն ու զարգացումը, և իհարկե, այդ կապակցությամբ մենք լուրջ նշանակություն ենք տալիս մեր ընդհանուր պատմական ժառանգությանը։ 2010թ.-ը, ինչպես հայտնի է Հայրենական Մեծ պատերազմի 65-ամյակի տարին է, որին միլիոնավոր խորհրդային մարդիկ են մասնակցել, այդ թվում 600 000 հայ, որոնցից շատերն իրենց կյանքը զոհեցին հանուն Հայրենիքի։ Այդ տոնը մենք միասին նշեցինք։
Ռուս հայրենակիցների մասնակցությամբ՝ Ռուսաստանի դեսպանատունը Հաղթանակի 65-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ անցկացրեց։ Պատերազմի վետերաններն ու շրջափակման մասնակիցները պարգևատրվեցին շքանշաններով, նրանցից շատերին տարբեր տեսակի օգնություն ցուցաբերվեց։ Հենց այդպես մենք պետք է վերաբերվենք մեր ծնողներին, և այդ տրամադրվածությամբ ենք թևակոխում 2011 թվականը։
Տարվա նշանակալի արդյունքներին եմ վերագրում Գյումրի քաղաքի «Պատվո Բլուր» հուշահամալիրի (հայ ժողովրդի ազատության համար պայքարող բազմազգ ռուսական բանակի մարտիկների պատմական գերեզմանը) բացումը։ «Պատվո Բլուր»-ը պատմական բարեկամության, ռուս և հայ ժողովուրդների փոխհարաբերությունների խորհրդանիշն է։ Եվ շատ այլ բաներ, ինչը լավ հայտնի է հայ հասարակությանը։
- Պրն դեսպան, կպատմե՞ք մեզ այս տարի դեսպանատան առջև ծառացած խնդիրների մասին։
- Ինչպես նախկինում, մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու գործակցության բոլոր ոլորտներում մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների խթանմանը։ Դրանք ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական հարցերն են, ԱՊՀ կառույցներում ինտեգրված գործընթացների զարգացումը, հումանիտար կապերի կարգավորումը, դա վերաբերում է կրթությանը, մշակութային համագործակցությանը, մասնավորապես մեր ծրագրերում է մանկական արվեստին, պատանի տաղանդներին աջակցելը։
Հույս ունենք բավականին լավ նախագիծ իրականացնել Երեխաների պաշտպանության օրվա առթիվ։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս նորարարությունների զարգացմանը։ Հայաստանը հարուստ է ստեղծագործողներով։ Հատկապես նրանց մենք կփորձենք հնարավորություն տալ իրենց դրսևորել՝ առաջատար ռուսական գիտական ինստիտուտների հետ գործակցելու միջոցով։
-Շատ շնորհակալ եմ բովանդակալից պատասխանների համար, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ մասնագիտական տոնի առթիվ, հուսով եմ՝ Ձեզ կհաջողվի հասնել բոլոր նպատակներին։
-Ես նույնպես շնորհակալ եմ, միշտ ուրախ եմ պատասխանել հայ ընկերներին հետաքրքրող հարցերին։ -0-

