Այսօր ժուռնալիստիկան և լսարանի հետ նրա շփումը հռոմեական ֆորում են հիշեցնում. Ալեքսանդր Իսկանդարյան
Որևէ մասնագիտության ներկայացուցիչների ֆորումները, թերևս, այն ձևաչափն է, որն այսօր կարող է հետաքրքել նախկին ԽՍՀՄ-ի բացառապես բոլոր երկրներին: Հանրապետություններն ավելի շատ են բաժանվում «ակումբների՝ ըստ շահերի», սակայն նախապաշարմունքներից ավելի ուժեղ է ցանկությունն իմանալու, թե ինչպես է աշխատում հարևանը: Դեկտեմբերի 7-8-ը Կիևում կանցկացվի Եվրոպական և ասիական մեդիաների հերթական ֆորումը: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով առաջին անգամը չէ, որ մտադիր է մասնակցել այդ ֆորումին, համաձայնվեց պատասխանել «ՌԻԱ Նովոստի» գործակալության հարցերին՝ ժուռնալիստիկայի մասին:
- Եվ Եվրասիայում, և Ամերիկայում կանոնավոր կերպով ԶԼՄ-ների ֆորումներ են անցկացվում: ԱՊՀ-ում նման ֆորումները հետխորհրդային շրջանի լրագրողներին ավելի շա՞տ բան են տալիս, քան որևէ այլ վայրում կազմակերպված լրագրողրական հանդիպումները:
- Կան խնդիրներ և հարցեր, որոնք առանձնահատուկ են ԱՊՀ-ի համար: Հետխորհրդային տարածքում ամենուր տարածված է ռուսաց լեզուն, այդ պատճառով մեկ բան է ժուռնալիստիկայի ոլորտում համագործակցել Լյուքսեմբուրգի հետ և միանգամայն այլ բան է՝ Ռուսաստանի, ԽՍՀՄ այլ պետությունների հետ: Այդ պատճառով ԱՊՀ լրագրողների ֆորումները, իհարկե, իրենց առավելություններն ունեն:
Մի կողմ էլ կա, երբ հնարավոր է շփվել այն երկրների լրագրողների հետ, որոնց հետ այլ հանգամանքներում դա դժվար է անել: Հայերը, օրինակ, կարող են ֆորումի շրջանակներում պրոֆեսիոնալ մակարդակով շփվել ադրբեջանցիների հետ:
Մեկ այլ կարևոր պահ է տեղեկատվությունը, երբ միջազգային լրագրողական հավաքներին ներկա գտնվելիս հնարավոր է լինում ժուռնալիստիկային և նրա խնդիրներին նայել ավելի լայն տեսանկյունից, քան ավելի վաղ: Նման հանդիպումների կարևոր դրական պահ է գործընկերների հետ միաժամանակյա շփումը, այլ ոչ թե ժամանակի և տարածության մեջ շփումը: Ես չեմ այցելում միջոցառումներ, որոնք իրական օգուտ չեն տալիս:
- Ի՞նչ է հարկավոր քննարկել նման ֆորումների ժամանակ՝ մասնագիտության տեխնիկական հարցե՞րը, թե՞ բարդ խնդիրները, որոնց վրա ժուռնալիստիկան ազդեցություն է ունենում:
- Ինձ թվում է, որ երկուսն էլ պետք է քննարկվի: Պրոֆեսիոնալին, գործող թղթակցին, իհարկե, ավելի կարևոր է լսել տեղեկատվության փոխանակման խնդիրների, այլ կոնկրետ բաների մասին: Բացի այդ, շատ լրագրողներ այլ մասնագիտությունից են եկել լրագրություն, և ֆորումների ժամանակ նրանք կարող են որոշ տեսական գիտելիքներ ստանալ: Սակայն անձամբ ես կարևորում եմ նաև այն, ինչ դուք անվանեցիք «բարդ խնդիրներ»: Լրագրողները հետխորհրդային տարածքի բազմաթիվ խնդիրների լուծման մեծ պատասխանատվություն են կրում:
- Ինչպե՞ս եք վերաբերվում փոփոխություններին, որոնք առաջանում են ժուռնալիստիկայում տեխնիկական առաջընթացի արդյունքում: Ավելանում է տեղեկատվության փոխանցման արագությունը, ջնջվում է ժանրերի, ձևաչափերի և փոխանցման միջոցների միջև գոյություն ունեցող սահմանը: Սակայն ժուռնալիստական, ըստ էության, փոխվու՞մ է:
- Հայաստանից այդ մասին դժվար է խոսել: Նախորդ տարի մեզ մոտ տեղի ունեցավ իսկական հեղափոխություն՝ ինտերնետից օգտվողների թիվը 6 տոկոսից դարձավ 32 տոկոս: Սակայն, անշուշտ, կան նաև զգալի փոփոխություններ: Եթե ավելի վաղ խմբագիրները, լրագրողները ինչ-որ բան էին գրում, իսկ ես դանդաղ ու լրջորեն ընթերցում էի, ապա հիմա ժուռնալիստիկան և լսարանի հետ նրա շփումն ավելի շատ հիշեցնում է հին հունական շուկա կամ հռոմեական ֆորում: Կա իսկական հոսք, տեղեկատվական միջավայր:
Մյուս կողմից, նման փոփոխությունները գրեթե լուծում են տեղեկատվության ազատ հասանելիության խնդիրը: Բացի այն եզակի դեպքերից, երբ երկրում ֆիզիկապես անհնար է ինտերնետից օգտվել: Այժմ բոլորը կարող են տարատեսակ տեղեկատվություն ստանալ:
Չեմ կարծում, որ նոր միտումները ինչ-որ կերպ նվազեցնում են այս կամ այն ասպեկտներում ներկայացված տեղեկատվության որակը կամ բացառապես զանգվածային ապրանք են: Թող ծաղկի հարյուր ծաղիկ:-0-

