Ղարաբաղյան խնդրով Աստրախանի հանդիպումը միտված էր գործընթացը չսպանելուն և Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը հանգիստ անցկացնելուն. փորձագետ
Չորեքշաբթի Աստրախանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպումը միտված էր ղարաբաղյան գործընթացը չսպանելուն և դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը հանգիստ անցկացնելուն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այսօրվա դրությամբ բանակցություններ են ընթանում այն մասին, թե ինչպես կարելի է հետագայում շարունակել բանակցությունները, եթե նույնիսկ կողմերը կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության գան», - ասաց Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Աստրախանի հանդիպման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը չորեքշաբթի հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչև դեկտեմբերի սկիզբ, ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ, հնարավոր է, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնեցված որոշում ընդունեն:
«Իրականում հենց դա էր Աստրախանի հանդիպման նպատակը: Այս ամենը արվեց գործընթացը չսպանելու, Աստանայում կայանալիք գագաթնաժողովը հանգիստ անցկացնելու համար, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե կողմերը կարող են իրար հետ շարունակել ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները», - նշեց փորձագետը:
Միաժամանակ նա հիշեցրեց Մեդվեդևի խոսքերն այն մասին, որ կողմերը կարող էին հասնել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակի՝ ընդգծելով, որ դա սկզբունքորեն տարբերվում է կարգավորման հասնելուց:
«Խոսքը որոշակի սահմանների մասին է, որոնց շրջանակներում կարելի է շարունակել բանակցությունները: Մեդվեդևն ասաց, որ հույս ունի, որ կողմերը մինչև ԵԱՀԿ-ի գագաթնաժողովն այդ սահմանների վերաբերյալ որևէ ընդհանուր կարծիք կունենան և այդ սահմանների շրջանակներում կարելի կլինի բանակցություններ վարել», - նշեց Իսկանդարյանն՝ ավելացնելով, որ խոսքը, ըստ երևույթին, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների մասին է:
Փորձագետը կասկած հայտնեց, որ կողմերը նման համաձայնեցված կարծիքի կհանգեն մինչև ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը, որին ընդամենը մեկ ամիս է մնացել:
Նրա խոսքերով՝ հասկանալի է, որ Ադրբեջանում նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրություններից հետո իրավիճակը կփոխվի, սակայն միաժամանակ կասկած հայտնեց, որ իրավիճակն այն աստիճան կփոխվի, «որ, իսկապես, հնարավոր կլինի հասնել միանգամայն համաձայնեցված սկզբունքների»:
«Եթե պարոն Մեդվեդևի հույսերն իրատեսական համարենք, ապա խոսքը ընդհանուր սահմանների՝ այսինքն բանակցությունների շարունակության գործընթացի համաձայնեցման մասին է», - ասաց փորձագետը:
Մեկնաբանելով կողմերի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը՝ Իսկանդարյանը նշեց, որ դա կարելի է ճնշում անվանել, կարելի է նաև որոշում ընդունելու վրա ազդելու փորձ համարել: Միաժամանակ նա ավելացրեց, որ պատմությունը ցույց է տալիս, որ եթե տարածաշրջանի ներսի դիմադրությունը գերազանցում է դրսից արվող ճնշմանը, ապա ոչինչ տեղի չի ունենում:
«Որպեսզի կողմերին հարկադրեն որոշում ընդունել, ջանքերի սկզբունքորեն այլ տեսակ է հարկավոր, որը գերտերությունները չեն կիրառի», - ասաց Իսկանդարյանն՝ ավելացնելով, որ հիմնականում ադրբեջական կողմի վրա ազդելու ինչ-որ փորձեր (որովհետև խնդիրն Ադրբեջանն է), անկասկած, արվում են:
Փորձագետի խոսքերով՝ Ռուսաստանի և ոչ միայն նրա շահերից է բխում ստատուս-քվոյի պահպանումն ու բանակցային գործընթացի շարունակությունը, և հենց դա է պատճառը, որ մյուս համանախագահները չեն խանգարում Մոսկվային:
Նա հույս հայտնեց, որ կկատարվեն գերիների և զոհվածների մարմինների փոխանակման շուրջ ձեռք բերած պայմանավորվածությունները:
«Կցանկանայի հուսալ, որ նմանատիպ պայմանավորվածությունները կիրագործվեն, սակայն բազմաթիվ նմանատիպ պայմանավորվածություններ, որոնք եղել են մինչ այժմ և հրապարակվել են նման ձևով, չեն պահպանվել», - ասաց Իսկանդարյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

