Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը տնտեսական հարթությունում. փորձագետ

09.12.2009, 11:37
Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը տնտեսական հարթությունում. փորձագետ
Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը տնտեսական հարթությունում. փորձագետ

Թուրքիան շատ հավակնոտ նպատակ ունի` վերականգնել Օսմանյան կայսրությունը տնտեսական հարթությունում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Նեոօսմանիզմը հիմնական հայեցակարգն է, որով ղեկավարվում է Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն»,- հայտարարեց Շաքարյանը:

Փորձագետի խոսքերով` իսլամիստների իշխանության գալու հետ ( ի դեմս «Արդարություն և առաջընթաց» իշխող կուսակցության) Թուրքիայի արտաքին քաղաքականությունը զգալի փոփոխություններ է կրել: Թուրքիայի նախկին ղեկավարությունը (Ժողովրդահանրապետական կուսակցություն) արտաքին քաղաքականությունը վարել է՝ ղեկավարվելով «սևրաֆոբիայի» սկզբունքով: Նրանց կարծիքով` Թուրքիան շրջապատված է թշնամական եռանկյունիով (Հունաստան, Բուլղարիա – Ռուսաստան, Հայաստան, Վրաստան – Իրան, Սիրիա, Իրաք).

«Իսլամիստների արտաքին քաղաքականությունը հիմնված է «զրո խնդիր հարևանների հետ» և «փափուկ ուժի քաղաքականություն» սկզբունքների վրա»,- ասաց Շաքարյանը՝ նշելով, որ բավականին կարճ ժամկետներում Թուրքիան հարաբերությունները բարելավեց իր բոլոր հարևանների հետ:  

Մասնավորապես, նա նշեց Սիրիայի հետ հարաբերությունների հաստատումը, որի հետ Թուրքիան 1998 թ.-ին պատերազմի եզրին էր, իսկ 2009 թ.-ի հոկտեմբերի 13-ին երկու երկրների խորհրդարանները անգամ վիզային ռեժիմից հրաժարվելու մասին համաձայնագիր կնքեցին: Թուրքիան լուծեց խնդիրները նաև Հունաստանի, Իրաքի, Իրանի և Ռուսաստանի հետ:

«Փաստորեն միակ երկիրը, որը Թուրքիայի հետ դեռևս խնդիրներ ունի, Հայաստանն է»,- ասաց Շաքարյանը:

Սակայն, նրա կարծիքով, արձանագրությունները ստորագրելուց հետո Թուրքիան արդեն կարող է հայտարարել արտաքին աշխարհին, որ հայաստանի հետ խնդիր չունի, և երկրները գտնվում են լուծումները քննարկելու գործընթացում: Այսինքն «զրո խնդիր» սկզբունքը արդեն տարածվում է նաև Հայաստանի վրա:  

Փորձագետի կարծիքով` Հայաստանը տեղավորվում է նեոօսմանիզմի հայեցակարգում, և Թուրքիան Հայաստանը «նվաճելու» է ոչ թե ռազմական ճանապարհով, այլ այնպիսի ոլորտների, ինչպիսիք են մշակույթը, տնտեսությունը և ժողովրդագրությունը:   

«Թուրքիան գործադրելով «փափուկ ուժի» քաղաքականություն` նպատակ ունի Հայաստանի հետ հարաբերություններն այնքանով բարելավել, քանի դեռ այդ հարաբերությունները չեն խանգարել Թուրքիայի և Ադրբեջանի  հարաբերություններին, հենց այդ պատճառով է, որ նրանք Ղարաբաղյան հարցը կապում են հայ-թուրքական հարաբերությունների հետ»,- ասաց Շաքարյանը:

Ինչպես նշեց փորձագետը, Ռեջեփ Թայիպ Էրդողանի կառավարությունը բազմավեկտոր քաղաքականություն է վարում` ամերիկաեվրոպականի կողքին կա նաև մերձարևելյան վեկտորը: Նրա խոսքերով` Եվրոպան Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական սյուներից մեկը կլինի, բայց ընդամենը դրանցից մեկը, ոչ թե միակը:

Ինչպես նշեց Շաքարյանը Թուրքիայի քաղաքականությունը ավելի կոմպլեմենտար է դառնում: «Կոմպլեմենտարության քաղաքականությունը, որին ձգտում է Հայաստանը, Անկարան արդեն շատ բարեհաջող կերպով վարում է»,- ասաց նա:

Մասնավորապես, քաղաքագետը նշեց Անկարայի դիրքի ամրապնդումը Մերձավոր Արևելքում և հարաբերությունների զարգացումը Միջին Ասիայի և Ռուսաստանի հետ («Ածխաջրածնային քաղաքականության» տեսակետից): Թուրքիան նաև արտաքին քաղաքականության «աֆրիկյան վեկտոր» ունի (հարաբերությունների ակտիվացում Սուդանի հետ, վիզային ռեժիմի վերացում Լիբիայի հետ):-0-