Հայաստանում A/H1N1 վիրուսի դեմ հակավիրուսային պայքարի զանգվածային ծրագիր իրականացնելու անհրաժեշտություն չկա. պատգամավոր

02.12.2009, 13:39
Հայաստանում A/H1N1 վիրուսի դեմ հակավիրուսային պայքարի զանգվածային ծրագիր իրականացնելու անհրաժեշտություն չկա. պատգամավոր
Հայաստանում A/H1N1 վիրուսի դեմ հակավիրուսային պայքարի զանգվածային ծրագիր իրականացնելու անհրաժեշտություն չկա. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում A/H1N1 վիրուսի դեմ հակավիրուսային պայքարի զանգվածային ծրագիր իրականացնելու անհրաժեշտություն չկա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց առողջապահության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Պատգամավորի խոսքերով՝ Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել բնակչության իրազեկվածությունն ու կազմակերպել գրիպի դեմ պայքարի հարցում կանխարգելիչ միջոցառումների իրագործմանն ուղղված կրթական ծրագրեր:

«Հայաստանում անհրաժեշտ չէ հակավիրուսային զանգվածային ծրագիր իրականացնել, հիմնական շեշտն անհրաժեշտ է դնել հիգիենիկ միջոցառումների, այլ ոչ թե հնարավոր բոլոր դեղամիջոցների գնման վրա, որոնց գները բարձրացվել են ներկրող և իրացնող կազմակերպությունների կողմից», - ասաց Բաբլոյանը:

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նյութեր է պատրաստում դեղամիջոցների գների բարձրացման հետ կապված վարույթ հարուցելու համար, որը գրանցվել է Հայաստանում A/H1N1 վիրուսով հիվանդների հայտնաբերման մասին տեղեկատվության պատճառով:

Ինչպես կարծում է պատգամավորը, այս կապակցությամբ պետությունը պետք է առավելագույնս իրազեկի բնակչությանը օգտագործվող դեղորայքի մասին, բարձրացնի այդ իրազեկության մակարդակը, քանի որ ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ չի տվել այդ դեղորայքները՝ որպես գրիպի կանխարգելման միջոց:

«Ազատ շուկայի պայմաններում պետությունը չի կարող միջամտել իրավիճակին և իրավունք չունի շուկայում գներ թելադրել», - ասաց Բաբլոյանը:

ՀՀ առողջապահության նախարարությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին, որ հանրապետությունն ապահովված է անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներով, իսկ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կոչ է անում դեղամիջոցների ներկրմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին չբարձրացնել դեղորայքների գներն ու դեղերի շուկայում չստեղծել արհեստական դեֆիցիտ:

Միաժամանակ A/H1N1 գրիպով հիվանդացության դեպքում բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում:

Լոնդոնի լաբորատորիան պաշտոնապես հաստատել է Հայաստանում խոզի գրիպի առկայությունը: Նոյեմբերի 24-ի դրությամբ A/H1N1 վիրուս է հայտնաբերվել 25 մարդու մոտ, որոնցից 22-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսները շարունակում են բուժում ստանալ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:-0-