Երևանի քաղաքապետի պաշտոնին ՀՀ նախկին նախագահի թեկնածության առաջադրումն իշխանություններին ցուգցվանգի իրավիճակի մեջ դնելու փորձ է. քաղաքագետ

17.03.2009, 10:33
Երևանի քաղաքապետի պաշտոնին ՀՀ նախկին նախագահի թեկնածության առաջադրումն իշխանություններին ցուգցվանգի իրավիճակի մեջ դնելու փորձ է. քաղաքագետ
Երևանի քաղաքապետի պաշտոնին ՀՀ նախկին նախագահի թեկնածության առաջադրումն իշխանություններին ցուգցվանգի իրավիճակի մեջ դնելու փորձ է. քաղաքագետ

Երևանի քաղաքապետի պաշտոնին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրման մասին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) որոշումը իշխանություններին ցուգցվանգի իրավիճակի մեջ դնելու փորձ է, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նախօրեին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական խորհրդի և կենտրոնական գրասենյակի համատեղ նիստի ժամանակ որոշում է ընդունվել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրել Երևանի քաղաքապետի պաշտոնին։ Այժմ Երևանի քաղաքապետն է Գագիկ Բեգլարյանը, ով այդ պաշտոնին է նշանակվել մարտի 4-ին՝ ՀՀ նախագահի հրամանով։ Նա ավագանու խորհրդի ընտրություններին գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը։

«Բեգլարյանի ընտրվելուն աջակցելու դեպքում, իսկ դա կարող է լուրջ դժվարությունների հետ կապված լինել, իշխանությունների վիճակը կբարդանա,  իշխանության թեկնածուի փոփոխությունը նույնպես կվատացնի իրավիճակը, իսկ Տեր-Պետրոսյանին ընտրվելու հնարավորություն տալը նույնպես նշանակում է վատացում», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Իսկանդարյանը։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ նման քայլը ցույց տվեց, որ ՀԱԿ-ը ցանկանում է փորձել շարունակել քաղաքական պայքարը։

«Դժվար թե դա քաղապետ դառնալու և դրա վրա կանգ առնելու անկեղծ ցանկություն է։ Այդ դեպքում հայտնվում է որոշակի զուգահեռ կառույց, որն արդեն իշխանություն է, գուցե դա երկիշխանություն չէ, այլ «կիսաիշխանություն» է, ամեն դեպքում դա կարող է ծառայել որպես հարթակ հետագա պայքարը շարունակելու, այլ ոչ թե տեղում նստելու և խաղաղ ասֆալտ փռելու համար», - պարզաբանեց նա։

Իսկանդարյանը նաև նշեց, որ Տեր-Պետրոսյանի առաջադրումը, անշուշտ, կխստացնի պայքարը ընտրությունների ժամանակ:

«Կարծում եմ, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեր, ապա լուրջ պայքար ընդհանրապես չէր լինի։ Իսկ այժմ իրավիճակը միանգամայն այլ է», - եզրափակեց Իսկանդարյանը։

Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծվել է օգոստոսի 1-ին Տեր-Պետրոսյանին աջակցող 16 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։--0—