Հայաստանի նախագահական ընտրությունները կարևոր են նաև ԵՄ-ի համար. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Հայաստանի նախագահական ընտրությունները կարևոր են ոչ միայն հանրապետության, այլ նաև ԵՄ-ի համար, երեքշաբթի Երևանում «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցՀարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։
«Անհրաժեշտ է նշել, որ այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԵՄ-ի համար, քանի որ Հայաստանը Եվրամիության կարևոր գործընկերն է», - ասաց Սեմնեբին։
Նրա խոսքերով, ընտրությունները ժողովրդավարական գործընթացների զարգացման կարևոր մասն են, իսկ քանի որ ժողովրդավարության զարգացումը ԵՄ-ի առաջնահերթություններից մեկն է, ապա ընտրությունների արդյունքները կարող են որոշակի դեր խաղալ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների մեջ։
«Շատ դրական է այն փաստը, որ ընտրություններին մասնակցում են շատ թեկնածուներ, ինչը Հայաստանի բնակիչների շրջանում քաղաքական հետաքրքրություն է առաջացնում։ Դա հուսադրում է», - ասաց Սեմնեբին՝ ավելացնելով, որ դեռևս վաղ է գնահատական տալ ընտրություններին։
ԵՄ ներկայացուցչի խոսքերով, նախընտրական արշավի ընթացքում ամենակարևորը մամուլի դերն է և թեկնածուների հնարավորությունը՝ ելույթ ունենալ զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային տարբերակներով, ինչպես նաև կարևոր է քվեարկության ընթացքը և ձայների հաշվարկը։--0-

