Վ. Կազիմիրով. Յուրաքանչյուր հակամարտության կարգավորում կախված է դրա առանձնահատկություններից և դարաշրջանի ու տարածաշրջանի բնութագրերից
Յուրաքանչյուր հակամարտության կարգավորումը այնքանով կախված չէ նախադեպից, որքան որ դրա կոնկրետ առանձնահատկություններից, ինչպես նաև դարաշրջանի ու տարածաշրջանի բնութագրերից։ Նման կարծիք հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուսական դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը։
«Բնութագրերի այդ խումբը պակաս չի ազդում հակամարտության վրա, որքան որ նախադեպերի առկայությունը կամ բացակայությունը», - ասաց նա։
Կազիմիրովի խոսքերով, յուրահակտությունը հատուկ է յուրաքանչյուր հակամարտության, սակայն դա չի նշանակում ընդհանրությունների ամբողջական բացակայություն կամ այն, որ այս կամ այն հակամարտություն ստեղծվում է երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջև դիլեմայից։
«Այս հարցը այսօր հաճախ քննարկվում է այսպես կոչված նախադեպային իրավունքի հիման վրա, և ես կարծում եմ, որ այս գործոնը ունի որոշակի նշանակություն» - պարզաբանեց նա։
Դիվանագետը նշեց, որ որոշ տեսաբաններ կողմ են այն տեսակետին, որի համաձայն այդ երկու սկզբունքները ոչ մի ձևով չեն բախվում իրար։
«Նման դիրքորոշման պատճառաբանությունը պարզ է՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ դա պետական ներքին գործն է, իսկ տարածքային ամբողջականությունը միջպետական հասկացություն է», - ասաց նա։
Սակայն, Կազիմիրովի կարծիքով, պարզվում է, որ կյանքն ավելի բարդ, քան յուրաքանչյուր սխեմա։
«Ղարաբաղյան հակամարտության օրինակի վրա կարելի է ասել, որ այն սկսվեց որպես ներքին, այնուհետև վերածվեց արտաքին հակամարտության, այդ պատճառով կոնկրետ հանգամանքների միահյուսումը ոչ պակաս նշանակություն ունի, քան նախադեպը», - կարծում է նա։
Խոսելով դարաշրջանի բնութագիրը հաշվի առնելու անհրաժեշտության մասին՝ դիվանագետը նշեց, որ ոչ ոք չի փորձի ապացուցել, որ ապագաղութացման դարաշրջանում հաղթանակ էր տանում տարածքային ամբողջականության սկզբունքը։
«Նման ձևով ծիծաղելի կլիներ խոսել այս սկզբունքի մասին ԽՍՀՄ-ի փլուզումը մեկնաբանելու դեպքում։ Միության բոլոր պետությունները անկախություն են ստացել ոչ ԽՍՀՄ տարածքային ամբողջականության հիման վրա, քանի որ այդ դեպքում Խորհրդային Միությունը չէր փլուզվի», - ընդգծեց Կազիմիրովը։
Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

