Ողբերգական վրաերթ՝ Բաղրամյան պողոտայում․ 26–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մաքրման աշխատանքներ իրականացնող 45–ամյա տղամարդուն

14.02.2026, 11:02
Բաղրամյան պողոտայում 26–ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել սանմաքրման աշխատակցին
Ողբերգական վրաերթ՝ Բաղրամյան պողոտայում․ 26–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մաքրման աշխատանքներ իրականացնող 45–ամյա տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ փետրվարի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վահե Գ.-ն իր վարած «Hongqi»  մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Մ.-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի «ԵԱՍՄ» հիմնարկում և իր գործընկերների հետ մաքրման աշխատանքներ էր իրականացնում Բաղրամյան պողոտայում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։