Ողբերգական դեպք՝ Երևանում․ ամուսինը հայտնել է, որ ԲԿ–ներից մեկում բուժքույրը իր ներկայությամբ ներարկում է կատարել կնոջը, որից մոտ 1 րոպե անց կինը մահացել է․ ԶԼՄ

26.03.2025, 13:58
Ամուսինը հայտնել է, որ ԲԿ–ներից մեկում բուժքույրը իր ներկայությամբ ներարկում է կատարել կնոջը, որից մոտ 1 րոպե անց կինը մահացել է
Ողբերգական դեպք՝ Երևանում․ ամուսինը հայտնել է, որ ԲԿ–ներից մեկում բուժքույրը իր ներկայությամբ ներարկում է կատարել կնոջը, որից մոտ 1 րոպե անց կինը մահացել է․ ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «սուր աղիքային անանցանելիություն» ախտորոշմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող բժշկական կենտրոններից մեկում բուժօգնության դիմած և վիրահատական միջամտության ենթարկված կին է մահացել։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ, 68-ամյա Ռոզա Մ․-ն է։

Դեպքի փաստով Ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով, Ռոզա Մ․-ի ամուսինը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ, 67-ամյա Արտավազդ Մ․-ն, Շենգավիթի քննչական բաժնի քննիչներին հայտնել է, որ մարտի 23-ին ժամը 23։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի հերթապահ բուժքույր Հասմիկը իր ներկայությամբ ինչ-որ ներարկում է կատարել կնոջը՝ Ռոզա Մ․-ին, որից մոտ 1 րոպե անց վերջինս մահացել է:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։