Ծննդյան խնջույքի մասնակիցները «սննդային թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացվել են
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/ . Օգոստոսի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «թունավորում» ախտորոշմամբ:
Հիվանդանոց մեկնած ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները տեղում պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Ժամը 22:00-ի սահմաններում Գորիս քաղաքի «Փոսիկի աղբյուր» կոչվող տարածքից «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Ա. Տ.-ն, 65-ամյա Ժ. Տ.-ն, 18-ամյա Ա. Մ.-ն, 70-ամյա Ջ. Պ.-ն, 39-ամյա Ն. Բ.-ն, 17-ամյա Ա. Մ.-ն, 18-ամյա Ա. Ա.-ն, 18-ամյա Ա. Ս.-ն, 12-ամյա Ե. Բ.-ն, 4-ամյա Ն. Գ.-ն, 15-ամյա Գ. Մ.-ն, 10-ամյա Ա. Ա.-ն, 10-ամյա Ն. Հ.-ն, 16-ամյա Հ. Ա.-ն, 17-ամյա Ա. Մ.-ն, 16-ամյա Ա. Ե.-ն և 15-ամյա Է. Պ.-ն:
Կայքի տեղեկություններով, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք դեռևս անհայտ սննդից թունավորվել են Գորիսում հայտնի «Փոսիկի աղբյուր» կոչվող բացօթյա տաղավարում և հիվանդանոց են տեղափոխվել «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ: Նրանք մասնակցելիս են եղել ծննդյան տարեդարձի:
Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

