Կրակոցներ՝ Արմավիրի մարզում․ վեճի մասնակիցներից մեկի եղբայրը նախապես վերցրած ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ և դիմել փախուստի

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 14-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գայ գյուղում հնչել են կրակոցներ:
Արմավիրի մարզի քրեական ոստիկանությունում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 14-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Ն․ Խ․-ն իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան անկանոն վարելով և բարձր հայհոյանքներ հնչեցնելով, մոտեցել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայր և այդ հարցի շուրջ նրա հետ վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Ֆ․ Հ․-ն և 40-ամյա Ա․ Մ․-ն, որը վերածվել է հրմշտոցի, Ն․ Խ․-ին միացած վերջինիս եղբայր՝ Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Կ․ Խ․-ն իր հետ նախապես վերցրած ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ և դիմել փախուստի:
Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նշված ավտոմեքենան և վիճաբանության մասնակիցներին, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։