Արտառոց դեպք՝ Հայաստանում. երեխային համբուրելը դարձել է մահվան պատճառ. կասկածյալները երեխայի հայրը, մայրը, տատն ու պապն են

20.08.2025, 14:04
Երեխայի մայրն ու տատը երեխային համբուրելու հարցի շուրջ վիճել են տղամարդու հետ, փակել ավտոտնակում, ավելի ուշ երեխայի հայրն ու պապը ծեծի են ենթարկել տղամարդուն, ինչի հիվանդանոց նա մահացել է
Արտառոց դեպք՝ Հայաստանում. երեխային համբուրելը դարձել է մահվան պատճառ. կասկածյալները երեխայի հայրը, մայրը, տատն ու պապն են

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 16-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել մարզի բժշկական կենտրոններից մեկից, որ «անգիտակից վիճակ, քթի շրջանի վերք» ախտրոոշմամբ ժամը 17:55-ի սահմաններում շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Ավելի ուշ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը վերակենդանացման բաժանմունքում կարճ ժամանակ անց մահացել է: 

Ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 51-ամյա Օ․ Վ.-ն է:
 
Կարճ ժամանակ անց ոստիկանության բաժնում մահացածի 22-ամյա որդին հայտնել է, որ մարզերից մեկի բնակիչներ 63-ամյա Հովիկ Հ.-ն, նրա կինը՝ 58-ամյա Թամարա Դ.-ն, նրանց որդին՝ 36-ամյա Միքայել Հ.-ն և նրանց հարսը՝ 32-ամյա Տիրուհի Մ.-ն, օգոստոսի 14-ին վերջիններիս պատկանող ամառանոցի բակում երեխային համբուրելու հարցի շուրջ վիճաբանել են իր հոր հետ, որի ժամանակ Տիրուհի Մ.-ն և Թամարա Դ.-ն նրան փակել են ավտոտնակում, իսկ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Միքայել Հ.-ի և Հովիկ Հ.-ի հետ ծեծի ենթարկել, ինչի պատճառով էլ հայրը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: 
 
Դեպքի մասին ոստիկանության բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել քննչական խումբը՝ օրվա պաասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Նշված քրեական վարույթի շրջանակներում կան հայտնաբերված անձինք:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։