Արտակարգ դեպք՝ Երևանում․ հարսանիքն ավարտվել է դանակահարությամբ, վիրավորը փեսայի եղբայրն է

ԵՐԵՎԱՆ․ 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 2-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկաության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Prime Hall» հանդիսությունների սրահում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ քաղաքացի է դանակահարվել:
Տեղում պարզվել է, որ նշված վայրից 1 մարդ դանակահարված տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, դանակ, որի վրա նույնպես առկա է արնանման հետք:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ նշված հանդիսությունների սրահում տեղի է ունեցել հարսանեկան արարողություն, վիրավորը փեսայի եղբայրն է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքերը, ինչպես նաև վիրավորի և մասնակիցների ինքնությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։