ԱՄՆ-ում անմեղ համբույրը գրեթե խլել է վեց ամսական երեխայի կյանքը

23.03.2020, 17:28
ԱՄՆ-ում անմեղ համբույրը գրեթե խլել է վեց ամսական երեխայի կյանքը
ԱՄՆ-ում անմեղ համբույրը գրեթե խլել է վեց ամսական երեխայի կյանքը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ում ողբերգական դեպք է տեղի ունեցել վեց ամսական երեխայի հետ և պատճառը հերպեսով տառապող մարդու հետ կոնկակտն է եղել, հաղորդում է lenta.ru-ն:

Փետրվարի 17-ին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի 36-ամյա բնակչուհի Սթեֆանի Շեյդին վեց ամսական որդու դեմքին նկատել է տարօրինակ կարմիր բծեր և պղպջակներ: Մի քանի ժամ անց դրանք սկսել են չափերով մեծանալ և տարածվել են երեխայի դեմքի վրա: Երեխան ցավից լաց է եղել, ուստի ծնողները երեխային տարել են հիվանդանոց:

Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ երեխայի դեմքին կարմիր բծերի հայտնվելու պատճառը հերպեսով տառապող մարդու հետ կոնտակտն է եղել: Բժիշկները պարզաբանել են, որ վարակը փոխանցվել է երեխային համբույրի միջոցով:

«Մենք չգիտենք, թե ով և երբ է համբուրել մեր երեխային, բայց այդ պատճառով նրա դեմքը պատվել է մեծ կարմիր բծերով ու պղպջակներով, որոնք լցվել են թարախով և անտանելի ցավ պատճառել երեխային»,- պատմել է Շեյդին:

Երեխային հասցրել են շտապօգնության բաժանմունք, հակաբակտերիալ կրեմ նշանակել և միանգամից դուրս գրել: Սակայն վարակը չէր նահանջում, այդ պատճառով երեխային հակաբիոտիկներ են նշանակվել: Բժիշկները խոստովանել են, որ հերպեսը շատ վտանգավոր է մինչև 6 ամսական երեխաների համար: Ըստ վիճակագրության, հերպեսով հիվանդացած ամեն 3-րդ երեխան մահանում է:

Երեխան մնում է բժիշկների հսկողության տակ: Վարակը բարդացումներ է տվել՝ տարածվելով երեխային լսողական օրգանների վրա, ինչը կարող է հանգեցնել լիակատար խլացման:

Այս դեպքից հետո մայրը սոցցանցերի միջոցով դիմել է հասարակությանը: Նա կոչ է արել ծնողներին հետևել, թե ով և երբ է համբուրում իրենց երեխաներին, որպեսզի իրենց երեխաների հետ չկատարվի այն, ինչ կատարվեց իր երեխայի հետ:

Հասարակ հերպեսի վարակը վտանգավոր չէ հասուն մարդու համար, սակայն կարող է վնաս հասցնել երեխաներին և նորածին մանուկներին, ինչպես նաև ցածր իմունիտետ ունեցող մարդկանց: Երեխաների շրջանում հերպեսի ախտանշաններին է վերաբերում ոչ միայն ցանը, այլև մարմնի ջերմաստիճանի տատանումները, քնկոտությունը, դողէրողքը, շնչառական դժվարությունները: Եթե բուժումը չսկսել ժամանակին, հնարավոր է այն հանգեցնի մահացու ելքի: -0-