Ռումբի մասին ահազանգի հետքերով. «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Օդանավակայանում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայություննը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
««Զվարթնոց» օդանավակայանում իրականացված տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:-0-