Սյունիքում շտապօգնության մեքենա է ավտովթարի ենթարկվել, այն տեղափոխում էր կորոնավիրուսով վարակված պացիենտի (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20:30–ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» մակնիշի և Գորիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած Mercedes E-200 մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Վ. Բաբայանը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

Կայքի տեղեկություններով, «Jinbei»-ը շտապօգնության մեքենա է, և վարորդը բժշկի ուղեկցությամբ Երևանից Կապան էր տեղափոխում կորոնավիրուսով վարակակիր պացիենտի:
Վթարից հետո պացիենտը Կապան է տեղափոխվել Սիսիանի շտապօգնության ախտահանված հատուկ մեքենայով:–0–

