Պայթյուն՝ Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը․ հոգևոր հովիվը հոսպիտալացվել է

15.02.2025, 22:24
Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը պայթյուն է տեղի ունեցել
Պայթյուն՝ Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցու հովվատանը․ հոգևոր հովիվը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել, և կա տուժած։

Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցուն կից հովվատանը, վնասվել է հովվատան մուտքի դուռը, լուսամուտի ապակին, իսկ պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Գևորգ Քահանա Տեր֊–Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։