Ադրբեջանցի հաքերները հայ օգտատերերի անունից կորոնավիրուսի մասին խուճապային լուրեր են տարածել

20.03.2020, 17:22
Հայտնաբերվել են ադրբեջանցի հաքերներ, որոնք խուճապային լուրեր են տարածել ՀՀ-ում կորոնավիրուսի ֆոնին
Ադրբեջանցի հաքերները հայ օգտատերերի անունից կորոնավիրուսի մասին խուճապային լուրեր են տարածել
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայտնաբերվել են հաքերների կողմից ապատեղեկատվումթյուն տարածելու դեպքեր, հայտնում է ՀՀ ԱԱԾ-ի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, տարաբնույթ խնդիրների լուծմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ամենօրյա ռեժիմով օրենսդությամբ սահմանված կարգով մշտադիտարկում է նաև տեղեկատվական տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող լուրերը:

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել են սոցիալական ցանցերում գրանցված օգտատերեր, որոնց էջերում առկա գրառումները պարունակել են ապատեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսից մտացածին մահացության դեպքերի առնչությամբ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաքերները, որոշ դեպքերում Ադրբեջանի Հանրապետությունից, կոտրել են առանձին հայ օգտատերերի էջեր և տարածել ապատեղեկատվություն:

«ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական ցանցերի օգտատերերին հնարավորինս հետևել իրենց էջերի անվտանգության կանոնների պահպանմանը, իսկ հանրությանը կոչ է անում ապավինել միայն պաշտոնական աղբյուրների լրահոսին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես իր հերթին հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարաված արտակարգ դրության հետ պայմանավորված համացացնի տարբեր սոցիալական կայքերերի հայկական սեգմենտում հայտնաբերվել են անհատական որոշ էջեր, որոնց միջոցով տարածվում է ապատեղեկատվություն՝ բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով։

ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրություններով և ձեռնարկված միջոցառումներով պարզվել են, որ այդպիսի տեղեկատվություն տարածող անհատական էջերի օգտատերերը տեղյակ չեն եղել իրենց էջերով կատարված գրառումների մասին։

«Պարզվել է, որ գրառումները հայ օգտատերերի անհատական էջերով կատարվել են Ադրբեջանական ինտերնետային սեգմենտի IP հասցեներից»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։-0-