Զբոսաշրջիկներ տեղափոխող Boeing–ն ավիավթարի է ենթարկվել Դոնի Ռոստովում. հրապարակվել է զոհերի ցուցակը
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Դոնի Ռոստովում կործանված Boeing 737-800 ինքնաթիռոմ կային նաև զբոսաշրջիկներ, «Ինտերֆաքսին» հաղորդել է ավիադիսպետչերական ծառայությունների աղբյուրը։
Fly Dubai ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կատարում էր Դուբայ–Դոնի Ռոստով չվերթը։
«Ինքնաթիռում կային նաև զբոսաշրջիկներ, որոնք ընտանիքի բոլոր անդամներով հանգստանում էին տուրօպերատորների ուղեգրերով», – նշել է աղբյուրը։
Դոնի Ռոստով ուղևորվող չվերթերն այժմ վայրէջք են կատարում Կրասնոդարի օդանավակայանում, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։
Ենթադրվում է, որ աղետի պատճառը վատ տեսանելիությունն ու ուժեղ քամին է եղել, որոնք խանգարել են օդաչուին վայրէջք կատարել։ Օդանավակայանում է գտնվում Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևը։ Իշխանություններն օպերատիվ շտաբ են ստեղծել։
Lifenews–ը հրապարակել է զոհերի ցուցակը, որտեղ կան միանման ազգանուններ։
ՌԲԿ–ի հաղորդմամբ` զոհերի մեծ մասը Ռոստովի մարզի բնակիչներ էին։ Մարտի 20–ը մարզում սգո օր է հայտարարված։
Boeing 737-800 կործանվել է Ռստովի օդանավակայանում, երբ փորձել է երկրորդ անգամ վայրէջք կատարել։ Ինքնաթիռը բախվել է գետնին թռիչքուղու սկզբնամասում և կիսվել երկու մասի։ Ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են։
Զոհերի թվի տվյալները չեն համընկնում։ ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային իրավիճակների վարչության ազգային կենտրոնի պետ Վիկտոր Յացուցենկոն գերատեսչության սելեկտորալ խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ, նախնական տվյալներով, ինքնաթիռում եղել է 55 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։ Միաժամանակ Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևը նշել է, որ ինքնաթիռում եղել է 62 մարդ` 55 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։–0–

