Մեքսիկայում 97 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է վթարվել
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Aeromexico ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռ է վթարվել Դուրանգո քաղաքի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։
Այս մասին հաղորդում է BBC–ին` հղում անելով Դուրանգոյի նահանգապետ Խոսե Ռոսաս Աիսպուրոյին։
Նշվում է, որ բոլոր ուղևորները ողջ են մնացել, նրանց մեծ մասն ինքնուրույն է դուրս եկել ինքնաթիռից։
Embraer 190 տիպի ինքնաթիռում եղել է 97 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Ինքնաթիռը կատարել է Դուրանգո–Մեխիկո չվերթը։
Տուժել են գրեթե բոլոր ուղևորները, սակայն նրանցից շատերը ստացել են թեթև վնասվածքներ և արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Հիմա հիվանդանոցում բուժում է ստանում 49 մարդ։
Նշվում է, որ ինքնաթիռը սկսել է ընկնել թռիչքուղուց օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Նախնական տվյալներով, ավիավթարի պատճառը վատ եղանակային պայմաններն են։
«Օդ բարձրանալիս ինքնաթիռը ենթարկվել է ուժգին քամու ազդեցությանը, ինչի հետևանքով այն ձախ թևով հարվածել է գետնին։ Հարվածի հետևանքով պոկվել են ինքնաթիռի երկու շարժիչները», –ասուլիսի ժամանակ նշել է Խոսե Ռոսաս Աիսպուրոն։
Ուղևորներին հաջողվել է մի քանի րոպեում դուրս գալ ինքնաթիռից։ Աղետի վայրում արված կադրերից պարզ է դառնում, որ հարվածից հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։–0–
