Թրամփը դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է կասեցնել Կիևին տրամադրվող ողջ ռազմական օգնությունը։ ՌԲԿ-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում են Bloomberg-ը և Fox News-ը։
ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ողջ ընթացիկ ռազմական օգնությունը, քանի դեռ նրա ղեկավարությունը չի ցուցաբերում խաղաղության նկատմամբ իր հանձնառությունը, հայտնում է գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցչին։ Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո Թրամփը հայտարարել է, որ Կիևը կարող է վերադառնալ բանակցությունների Վաշինգտոնի հետ, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատի, որ ցանկանում է խաղաղություն։
Աղբյուրի համաձայն՝ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական տեխնիկայի մատակարարման դադարեցմանը, որը դեռևս չի հասել Ուկրաինա, այդ թվում՝ այն զենքին, որը փոխանցվում է Լեհաստանի միջոցով։ Թրամփը համապատասխան հրաման է տվել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։
«Սա օգնության վերջնական դադարեցում չէ, այլ ընդմիջում», – պարզաբանել է Fox News-ին ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը։
ԱՄՆ-ն 2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինային տրամադրել է 65,9 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, որը ֆինանսավորվել է ամերիկյան բյուջեից։ Վաշինգտոնը չի բացահայտում, թե բացի անվճար մատակարարումներից ինչ ծավալի զենք է վաճառվել Կիևին։
ԱՄՆ-ի նախորդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կիևին 33,2 միլիարդ դոլար է հատկացրել «Ուկրաինային անվտանգության ոլորտում աջակցության նախաձեռնություն» (USAI) ծրագրի շրջանակում, գրում է The New York Times-ը։ Այդ ծրագրի շրջանակում տրամադրված միջոցները Կիևը կարող է օգտագործել անմիջապես ամերիկյան պաշտպանական ընկերություններից միայն նոր ռազմական տեխնիկա գնելու համար։ Բայդենի օրոք ԱՄՆ-ն նոր օգնության տրամադրման մասին հայտարարում էր մոտավորապես 44 օրը մեկ, մինչդեռ Թրամփի վարչակազմը որևէ հայտարարություն չի արել. վերջին ֆինանսավորման մասին հայտարարվել է 2024 թվականի դեկտեմբերի 30-ին, նշել է NYT-ը։