Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունից հետո քաղաքում արգելվել են ցույցերն ու հավաքները

20.03.2025, 14:35
Էքրեմ Իմամօղլուն մեղադրվում է ահաբեկչության օժանդակման, կոռուպցիայի և կաշառակերության մեջ
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունից հետո քաղաքում արգելվել են ցույցերն ու հավաքները

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 19-ին ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն, հայտնում է Ermenihaber–ը։

Ձերբակալությունից հետո Ստամբուլի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ քաղաքում 4 օրով արգելվել են բոլոր տեսակի հավաքները և ցույցերը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Նահանգում հասարակական կարգը պահպանելու և սադրիչ գործողությունները կանխելու համար մարտի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կարգելվեն բոլոր տեսակի ցույցերն ու հավաքները»։

Բացի այդ երկրում արգելափակվել է հասանելիությունը դեպի X, Instagram, TikTok, Facebook, WhatsApp և YouTube սոցիալական կայքեր։

Հիշեցնենք, որ Էքրեմ Իմամօղլուն մեղադրվում է ահաբեկչության օժանդակման, կոռուպցիայի և կաշառակերության մեջ։