Դա նրանց համար մեծ աղետ կլինի. Իրանի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ի ցամաքային ուժերի հնարավոր ներխուժման մասին
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ զորքերի ցամաքային ներխուժմանը։ Միևնույն ժամանակ, նա մերժել է ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն՝ ընդգծելով, որ Թեհրանը հրադադար չի խնդրել։
Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով NBC News-ին տված հարցազրույցին։
Զրույցի ընթացքում լրագրողը հարցրել է Արաղչիին, թե արդյոք նա վախենում է ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային ներխուժումից, ինչին նա պատասխանել է հետևյալը. «Ոչ մենք սպասում ենք նրանց.... Մենք վստահ ենք, որ կարող ենք դիմակայել նրանց։ Դա նրանց համար մեծ աղետ կլինի», - ասել է Արաղչին։
Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանը հրադադար չի խնդրել՝ չնայած երկրի ողջ տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներին: «Մենք հրադադար չենք խնդրել նույնիսկ անցյալ անգամ: Նախկինում հենց Իսրայելն էր հրադադար խնդրում: Նրանք անվերապահ հրադադար պահանջեցին նրանց ագրեսիայի դեմ մեր 12-օրյա դիմադրությունից հետո», - ասել է Արաղչին՝ նկատի ունենալով 2025 թվականի հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմը:
Նա նշել է, որ բանակցությունների ժամանակ տեղի ունեցած հարձակումը խարխլել է Իրանի վստահությունը ԱՄՆ-ի հետ ցանկացած ապագա երկխոսության նկատմամբ: Նախարարի խոսքով՝ ինքն անցյալ շաբաթվանից չի շփվել ո՛չ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, ո՛չ էլ Ջարեդ Կուշների հետ:
«Խնդիրն այն է, որ մենք ԱՄՆ-ի հետ բանակցությունների որևէ դրական նախադեպ չենք գրանցել: Հատկապես այս վարչակազմի հետ: Մենք բանակցություններ ենք վարել երկու անգամ՝ անցյալ և այս տարի, իսկ հետո՝ բանակցությունների թեժ պահին, նրանք հարձակվեցին մեզ վրա», - պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ երկխոսությունը վերսկսելու պատճառներ չի տեսնում:
Նա նաև նշել է, որ Իրանի հաղթանակը դիմակայելու կարողության մեջ է։ Բացի այդ, նա հերքել է այն տեղեկությունը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության հարցում իր մասնակցության անհրաժեշտության մասին:
«Դա բացառապես Իրանի ժողովրդի գործն է, և ոչ ոք չի կարող միջամտել», - ամփոփել է ԱԳ նախարարը:
Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին
Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:
Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:
Իրանի պետական հեռուստատեսությունը փետրվարի 28-ին հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդի իրավահաջորդի գլխավոր թեկնածուն է։

