Ի՞նչ իրավիճակ է Գլենդելում․ քաղաքապետը մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Գլենդելում երեկ երկու շրջան կար, որտեղից տարհանել էինք քաղաքացիներին. այսօր առավոտյան արդեն հայտարարեցինք, որ բոլորը կարող են տուն վերադառնալ և վերադարձել են: Այս մասին այսօր` հունվարի 10-ին, news.am-ի հետ զրույցում ասեկ է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը:
«Ժամը 12-ին փակվեցին նաև աջակցության կենտրոնի դռները, որովհետև այս պահին դրա կարիքը չկա», – ասել է Էլեն Ասատրյանը:
Նրա խոսքով, թեև Գլենդելում կրակ չկար, սակայն հրդեհի օջախներին մոտ թաղամասերից քաղաքացիները տարհանվել էին: Երեկ աջակցության կենտրոնում 100 քաղաքացի կար, այսօր բոլորը իրենց տներն են վերադարձել:
«Հայտարարվել է, որ առաջիկա օրերի ընթացքում քամին կարող է նորից ուժգնանալ, հրդեհի տարածման վտանգ կա, հուսով եմ, որ նախքան այդ հրշեջները կկարողանան մարել կրակը» – ասել է Գլենդելի քաղաքապետը:
Նրա խոսքով, թեև քաղաքում կրակ չկա, սակայն օդը աղտոտված է, տներից դուրս գալ դեռևս շատ դժվար է:
Լոս Անջելեսում ուժեղ անտառային հրդեհները շարունակվում են։
Հրդեհների հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, սակայն պաշտոնյաները զգուշացնում են, որ զոհերի իրական թիվն անորոշ է, քանի դեռ քննիչների համար անվտանգ չէ մուտք գործել թաղամասեր։
Հրշեջները կրակի դեմ պայքարում առաջընթաց էին գրանցել, քանի որ Սանտա Անայի քամիները թուլացել էին, բայց օրվա ընթացքում քամին կրկին ուժգնացել է ողջ շրջանում։
Հրդեհի նոր օջախներ են բռնկվել Լոս Անջելես և Վենտուրա շրջանների սահմանի մոտ։ Ավերվել է ավելի քան 10 հազար շինություն։