TRIPP նախաձեռնությունը կարող է նպաստել առևտրի և ներդրումների աջակցմանը միջնաժամկետ հեռանկարում. S&P

25.08.2026, 10:55
TRIPP նախաձեռնությունը կարող է նպաստել տարածաշրջանում կապերի ամրապնդմանը, ինչպես նաև առևտրի և ներդրումների աջակցմանը միջնաժամկետ հեռանկարում
TRIPP նախաձեռնությունը կարող է նպաստել առևտրի և ներդրումների աջակցմանը միջնաժամկետ հեռանկարում. S&P

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․    TRIPP նախաձեռնությունը կարող է նպաստել տարածաշրջանում կապերի ամրապնդմանը, ինչպես նաև առևտրի և ներդրումների աջակցմանը միջնաժամկետ հեռանկարում: Այս մասին ասվում է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցում:

«Թեև շրջանակային համաձայնագիրը սահմանում է տվյալ նախաձեռնության շրջանակում կառավարման և ինքնիշխանության հիմնական սկզբունքները, դրա իրականացումը գտնվում է նախնական փուլում. ծրագրային ոլորտը, ֆինանսավորման հարցերը և կոնցեսիաների հստակ պայմանները դեռ ենթակա են վերջնական համաձայնեցման», - ասվում է զեկույցում:

TRIPP նախագծի մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքում անխափան մուլտիմոդալ տարանցիկ ենթակառուցվածքի ստեղծում՝ իր տարածքում նախագծի ենթակառուցվածքի նկատմամբ հանրապետության լիակատար ինքնիշխանության պահպանմամբ: Մասնավորապես, նախագիծը պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև ընդլայնի տարածաշրջանային երթուղիները, որոնք Կենտրոնական Ասիան և Կասպից տարածաշրջանը կապում են Եվրոպայի հետ:

Հայաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի հունիսին ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր. նախագծի իրականացման համար ստեղծվել է հայ-ամերիկյան համատեղ TRIPP Development Company ընկերությունը:

TRIPP-ը դիտարկվում է որպես ավելի լայն Անդրկասպյան առևտրային երթուղու մաս: Այս երթուղու երկայնքով մասնավոր ներդրումները խթանելու համար ԱՄՆ-ն գործարկել է Trans-Caspian Enterprise Fund-ը, որը կապիտալիզացվել է 201 մլն դոլարով՝ ամերիկյան կառավարության միջոցների հաշվին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ը նախ և առաջ ներդրումային նախագիծ է, որի շնորհիվ ակնկալվում է նոր ներդրումների միլիարդավոր դոլարների հոսք դեպի Հայաստան:

 

 

 

 

 

#Թ