Կանենք ամեն ինչ` Հայաստանի տնտեսական աճի նախատեսված ցուցանիշն ապահովելու համար. վարչապետ

31.10.2016, 13:01
Հայաստանի տնտեսական աճը, երկրի 2017 թ.-ի պետական բյուջեի նախագծի համաձայն, նախատեսված է 3,2 տոկոսի սահմանում:
Կանենք ամեն ինչ` Հայաստանի տնտեսական աճի նախատեսված ցուցանիշն ապահովելու համար. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տնտեսական աճը, երկրի 2017 թ.-ի պետական բյուջեի նախագծի համաձայն, նախատեսված է 3,2 տոկոսի սահմանում, երկուշաբթի ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ հանձնաժողովներում ներկայացնելով պետբյուջեի նախագիծը:

Ինչպես նշեց վարչապետը, հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը և ակնկալվող տնտեսական պասիվությունը` կապված կայանալիք ընտրությունների հետ, տվյալ ցուցանիշի ապահովումը նշանակալի ջանքեր կպահանջի կառավարությունից:

«Մենք վստահեցնում ենք, որ կանենք մեզանից կախված ամեն ինչ` այս ցուցանիշի ապահովման համար», - հայտարարեց Կարապետյանը:

ԱՎԾ տվյալների համաձայն, 2016 թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 1,5 տոկոս, մինչդեռ առաջին եռամսյակում կազմել է 4,5 տոկոս: Պետական բյուջեի համաձայն, 2016 թ.-ին ՀՆԱ աճը նախատեսված է 2,2 տոկոսի չափով: -0-