ԵՄ Խորհուրդն աջակցել է դեպի ԵՄ Հայաստանի արտահանման շուրջ 80%-ի համար մաքսատուրքերի չեղարկմանը
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԵՄ Խորհուրդն աջակցել է Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման վերաբերյալ։
Որոշումը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը՝ Ռուսաստանի կողմից վերջերս սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրների պայմաններում, հայտնում է ԵՄ Խորհրդի կայքը։
Առաջարկվող միջոցառումները նախատեսում են դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ի ազատականացում։ Ընդ որում, արտոնյալ ռեժիմը գործելու է որոշակի պայմաններով, միաժամանակ, նախատեսվում են պաշտպանական մեխանիզմներ՝ ԵՄ շուկայի արտադրողներին հնարավոր բացասական ազդեցությունից պաշտպանելու համար։
Խորհուրդը հավանություն է տվել Եվրոպական հանձնաժողովի առաջարկին առանց փոփոխությունների, ինչը ճանապարհ է բացում համապատասխան կանոնակարգի արագ ընդունման համար այն բանից հետո, երբ Եվրոպական խորհրդարանը, ինչպես սպասվում է, նույնպես հավանություն կտա առաջարկին առանց փոփոխությունների։
«Եվրոպան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, որոնք ընտրել են բարեփոխումների և Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության հստակ ուղի», - հայտարարել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին։
« Այսօրվա որոշումը հստակ ուղերձ է. երբ մենք բախվում ենք տնտեսական հարկադրանքի, ԵՄ-ն արձագանքելու է։ Մենք կստեղծենք նոր հնարավորություններ և կկանգնենք մեր գործընկերների կողքին», - նշել է նա։
Նոր կարգավորմամբ նախատեսվում է ժամանակավորապես կասեցնել ներմուծման մաքսատուրքերը հայկական ապրանքների լայն շրջանակի համար, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների՝ սակագնային քվոտաների պայմաններում։
Միջոցառումները գործելու են կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում։ Դրանք կներառեն դեպի Ռուսաստան թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի հայկական արտահանման գրեթե 99%-ը, ինչպես նաև ըմպելիքների և ոգելից ըմպելիքների արտահանման ավելի քան 91%-ը։
ԵՄ-ն նշում է, որ միջոցների նպատակը նաև ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունների ամրապնդումն է՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։
Արտոնյալ առևտրային ռեժիմը գործելու է այն պայմանով, որ Հայաստանը պահպանի ապրանքների ծագման որոշման կիրառելի կանոնները, համագործակցի ԵՄ-ի հետ վարչական ոլորտում, չսահմանի նոր առևտրային սահմանափակումներ ԵՄ-ից ներմուծման նկատմամբ և պահպանի CEPA-ի առանցքային դրույթները, ներառյալ ժողովրդավարական սկզբունքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։
Սպասվում է, որ Եվրոպական խորհրդարանը կընդունի իր դիրքորոշումն առանց փոփոխությունների սեպտեմբերյան լիագումար նիստի ընթացքում։ Այս դիրքորոշման պաշտոնական ընդունումից հետո ԵՄ Խորհուրդը հավանություն կտա դրան, որից հետո կանոնակարգը կընդունվի և ուժի մեջ կմտնի «Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում» հրապարակման հաջորդ օրը։
Դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների մասին
Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարման վրա՝ դա պատճառաբանելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Սահմանափակումների տակ են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ոգելից ըմպելիքների որոշ տեսակներ, բանջարեղենը, մրգերը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ թարմ ձուկն ու ձկնամթերքը, կաթնամթերքը։
Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։

