Մոբայլ բանկինգ. ինչպես կատարել վճարումներ` առանց տնից դուրս գալու

31.03.2020, 11:49
Մոբայլ բանկինգ. ինչպես կատարել վճարումներ` առանց տնից դուրս գալու
Մոբայլ բանկինգ. ինչպես կատարել վճարումներ` առանց տնից դուրս գալու

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Շատերս կցանկանայինք կառավարել սեփական բանկային հաշիվն` առանց տնից դուրս գալու և օրվա ցանկացած ժամին։ Այս հարմարավետ ծառայությունն արդեն վաղուց դադարել է լինել գիտական ֆանտաստիկա և դարձել է մեր առօրյայի մի մասը։ Հիմա կարելի է առանց տնից դուրս գալու կատարել դրամական փոխանցումներ, գումար փոխանցել ոչ միայն նույն բանկի տարբեր հաշիվներին, այլև այլ բանկերի հաշիվներին, ինչպես նաև այլ անձանց, վճարել կոմունալները, հարկերն ու անգամ ճանապարհային երթևեկության կանոնների տուգանքները։ Եվ այս ամենը` մոբայլ բանկինգի շնորհիվ։ 

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մանրամասն տեղեկատվություն է ներկայացնում այս ծառայության և նրա հնարավորությունների մասին։

Ի՞նչ է մոբայլ բանկինգը

  - рис.1

Մոբայլ բանկինգը բանկային ծառայությունների հեռահար տրամադրման համակարգ է, որը թույլ է տալիս կատարել տարբեր բանկային գործառնություններ 24/7 ռեժիմում` առանց բանկ այցելելու անհրաժեշտության։ Դա նշանակում է, որ դուք, օրինակ, տանը նստած, կարող եք կատարել անհրաժեշտ բոլոր գործարքներն ու վճարումները` պարզապես սեղմելով սմարթֆոնի, պլանշետի և անգամ համակարգչի մի քանի կոճակ։

Ի՞նչ գործառնություններ են հասանելի

  - рис.2

Մոբայլ բանկինգի ծառայությունների շրջանակը բավականին լայն է, այն թույլ է տալիս քարտապաններին և հաշվետերերին կատարել բավականին շատ գործառնություններ։ Օրինակ, դուք կարող եք ծանոթանալ հաշվեկշռին և հաշվին, այդ թվում` ավանդի հետ կապված տեղեկատվությանը, ավանդի ժամկետին, գումարին և տոկոսներին։ Բջջային հավելվածում դուք նաև կարող եք կատարել փոխանցումներ այլ բանկեր, համալրել դեպոզիտը, հետևել քարտերով կատարվող գործարքներին և հաշվի մնացորդին, պատասխանել քարտերով իրականացված գործառնությունների, հաշվի և դեպոզիտների մասին հարցումներին։ Դուք նաև կարող եք մարել ընթացիկ վարկերը, ծանոթանալ վարկերի մարման ժամանակացույցին, ստանալ վարկի հետ կապված այլ տեղեկատվություն։ Կարելի է նաև ներկայացնել փոխանցման վճարի մասին հայտ, կատարել փոխանցում այլ հաճախորդի հաշվին կամ այլ բանկի քարտին, իրականացնել փոխանցումներ բոլոր հաշիվներով։ Բացի այդ, բջջային հավելվածի միջոցով դուք կարող եք վճարել կոմունալ ծառայությունները` էլեկտրաէներգիա, գազ, ջուր, վճարել նաև բջջային կապի, ինտերնետի և այլ ծառայությունների համար։ Ընդ որում իրականացված գործարքների քաղվածքը հնարավոր է ուղարկել սեփական էլեկտրոնային հասցեին, իսկ ամսական վճարումները` պահպանել շաբլոնների տեսքով, որպեսզի ամեն անգամ օրինակ` կոմունալները վճարելիս անհրաժեշտ չլինի լրացնել բոլոր բանկային տվյալները։

Ինչպե՞ս միանալ

  - рис.3

Պետք է պարզապես ներբեռնել համապատասխան բջջային հավելվածը՝ ստեղծելով ծածկագիր, որը պետք է հիշել: Հաջորդ անգամ համակարգ մուտք գործելու համար ձեզ անհրաժեշտ է հավաքել ձեր ծածկագիրը և միանալ: Միացման համար անհրաժեշտ է պարզապես ունենալ ինտերնետ: Որոշ բանկերի մոտ գործում է մոբայլ բանկինգի ակտիվացման ծառայություն. դրա համար անհրաժեշտ է կապ հաստատել բանկի հետ, միացնել ծառայությունը, ստանալ անհրաժեշտ կոդը (այն պահանջվում է միայն մեկ անգամ) և ակտիվացնել հավելվածը:

Դրական և բացասական կողմեր

  - рис.4

Մոբայլ բանկինգը հասանելի է կոմպակտ սարքերի վրա՝ սմարթֆոններ, պլանշետներ, ինչը զգալիորեն հեշտացնում է բանկային հաշվեհամարների և գործառնությունների հետ աշխատանքը: Նման համակարգի առավելությունների թվում կարելի է նշել օգտագործման պարզությունն ու հարմարավետությունը, պարզ և հասկանալի ինտերֆեյսը, անհրաժեշտ կոճակների և բաժինների հեշտ որոնումը, մենյուի հարմար տեղակայումը:

Ցանկացած մարդ կարող է «գլուխ հանել» նման պարզ հավելվածից` անկախ համակարգչային հմտությունների մակարդակից: Առավելությունների թվում է նաև գործառնությունների կատարման արագությունն ու հասանելիությունը: Դուք կարող եք ձեր անձնական սմարթհաշվից (սմարթֆոնդից) հաշված վայրկյանների ընթացքում փոխանցում կատարել, վճարումներ անել, ստուգել հաշվեկշիռը կամ կատարել արտարժույթի փոխանակում:

Դրա համար անհրաժեշտ է համակարգիչ, բանկային բանալիներ կամ բանկի աշխատակից։ Ձեր բոլոր բանկային ծառայությունները փաստորեն գտնվում են գրպանում։ Դուք հանգիստ կարող եք գործառնություններ կատարել ցանկացած վայրից` տրանսպորտից, գործուղման կամ արձակուրդի ժամանակ։ Սակայն ամեն ինչ այդքան էլ դրական չէ, համակարգն ունի նաև բացասական կողմեր, բայց դրանց հետ կարելի է հաշտվել։ Բացասական կողմերից են սահմանափակ գործիքները, չնակած բազմաթիվ ֆունկցիաների հասանելությանը, ինչպես նաև ինտերնետ կապի սահմանափակ ծածկույթը։

Իսկ անվտանգությո՞ւնը

  - рис.5

Մոբայլ բանկինգն, ըստ էության, սմարթֆոնում գործող այլ հավելվածների նման հավելված է։ Ժամանակակից սմարթֆոնների օպերացիոն համակարգերն ունեն անձնական տվյալների պաշտպանության ավելի հզոր գործիքներ, քան համակարգիչները կամ նոութբուքերը։ Անվտանգություն է ապահովում նաև գաղտնաբառը, որն անհրաժեշտ է մուտքագրել մոբայլ բանկինգ մտնելուց առաջ։ Եթե անգամ դուք կորցրել եք ձեր գաջեթը, ապա մոբայլ բանկինգը հասանելի կլինի միայն գաղտնաբառի մուտքագրումից հետո կամ հավելվածը պետք է կոտրել։ Այդ պատճառով գաջեթը կորցնելու դեպքում պետք է դիմել բանկ և արգելափակել քարտը։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»–ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում:-0-