Լիզինգի 8 նշան, որոնցով այն տարբերվում է վարկից
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պատկերացնենք, որ դուք ուզում եք հիմնել փոքր ընտանեկան բիզնես, օրինակ, ստեղծել ֆերմերային տնտեսություն, աճեցնել բանջարեղեն, կանաչի, միրգ։ Սակայն կա մի մեծ «բայց», դուք գումար չունեք հողամաս, տրանսպորտային միջոց և անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար։ Եվ, իհարկե, սկսում եք մտածել, որ կարելի է վարկ վերցնել, բայց մի′ շտապեք։ Կա ևս մի հարմար ֆինանսական գործիք` լիզինգ։
ՀՀ կառավարությունը հիմա մեծ ուշադրություն է դարձնում բիզնեսի ֆինանսավորման այս պրոգրեսիվ տեսակին։ Երկրում գործում է լիզինգի աջակցության մի քանի պետական ծրագիր` արտադրության զարգացման և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման համար։ Այդ ծրագրերից է նաև ագրարային հատվածի աջակցությանն ուղղված երկրորդ պետական միջոցառումը, որն ընդունվել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում։
Հայաստանում հիմա լիզինգային գործարքների ընդհանուր պորտֆելը կազմում է մոտ 20–30 մլրդ դրամ, ինչը կազմում է երկրի համախառն վարկային պորտֆելի 10–րդ մասը։ Ակնկալվում է, որ լիզինգային գործառնությունների ծավալը կշարունակի աճել, ինչին էլ նպաստում են օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք թույլ են տալիս լիզինգով վերցնել արտադրական սարքավորումներ և մեքենաներ ավելի մատչելի ու հարմար պայմաններով։

Ներկայացնում ենք, թե ինչ է լիզինգը, ինչով է այն տարբերվում վարկից, որոնք են դրա առավելություններն ու բացասական կողմերը։
Ի՞նչ է լիզինգը
«Լիզինգ» եզրույթը ծագել է անգլերեն «lease» բառից, որը թարգմանաբար նշանակում է վարձակալություն։ Լիզինգը դա երկարաժամկետ վարձակալության ու վարկային տարրերի ինքնատիպ համադրություն է, որի դեպքում դուք կարող եք օգտագործել վարձակալած օբյեկտը պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում, իսկ հետո գնեք այն մնացորդային գնով և զրո տոկոսով։
Լիզինգի օբյեկտը միշտ գույքն է, հաճախ անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը կամ տարատեսակ սարքավորումները։ Կարևոր է հիշել, որ դուք պարտավոր չեք գնել այդ ամենը պայմանագրի ժամկետի ավարտից հետո։
Լիզինգը սովորաբար առաջարկվում է ինչպես փոքր, այնպես էլ խոշոր բիզնեսին։ Որոշ դեպքերում այն ավելի ձեռնտու է, քան վարկը, քանի որ ունի ավելի ճկուն պայմաններ։ Սակայն վերջնական գնումից առաջ ձեռք բերված ունեցվածքը կհամարվի լիզինգային ընկերության սեփականությունը, ինչը սահմանափակում է դրա օգտագործումն ու ստեղծում է լրացուցիչ ծախսեր։
Լիզինգային գործարքի մասնակիցները
Լիզինգային գործարքի հիմնական մասնակիցներն են լիզինգ տվողն ու վերցնողը։ Լիզինգ տվողը լիզինգային ընկերությունն է, որը գնում է ունեցվածք, սարքավորումներ կամ տեխնիկա, իսկ հետո ժամանակավոր օգտագործման հանձնում լիզինգ վերցնողին` արդյունքում ստանալով շահույթ։
Լիզինգ տվողը հաճախ իրավաբանական անձ է, օրինակ բանկ կամ վարկային կազմակերպություն։ Հայաստանում գործող 17 բանկերից և 32 վարկային կազմակերպություններից լիզինգային ծառայություն է մատուցում դրանցից 8–ը։ Լիզինգ ստացողը կարող է լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ։
Լիզինգային գործարքի կողմերից է նաև ապահովագրական ընկերությունը, որն ապահովագրում է օբյեկտը դրա փչանալու, գողության, կորստի և այլնի դեպքում։ Եթե նշվածից ինչ–որ բան պատահի, ապա բոլոր ռիսկերը կհոգա ապահովագրական ընկերությունը։
Ինչո՞վ է լիզինգը տարբերվում վարկից
Լիզինգը վարձակալումն է` վարկի որոշակի հատկանիշներով: Ներկայացնում ենք վարկի և լիզինգի հիմնական տարբերությունները.
1. Լիզինգի ժամանակ լիզինգ ստացողին տրամադրվում են ոչ թե ռեսուրսներ, այլ կոնկրետ գույք՝ սարքավորում, տրանսպորտային միջոց, տեխնիկա:
2. Լիզինգի առարկան գույքն է՝ ավելի հաճախ, անշարժ գույքը, տրանսպորտ կամ սարքավորում, մինչդեռ վարկը միշտ գումար է, որը վարկատուն տոկոսներով տրամադրում է վարկառուին օգտագործման համար:

3. Ի տարբերություն վարկի, որի դեպքում տոկոսները մասնակի կամ ամբողջությամբ վճարվում են շահույթից, լիզինգային վճարումներն ամբողջ ծավալով հաշվեգրվում են ապրանքի ինքնարժեքի հաշվին:
4. Լիզինգային գույքը տրամադրվում է պայմանագրում նշված ժամկետով, որի ընթացքում ստացողը վճարումներ է կատարում այն օգտագործելու համար: Այդ ժամկետի ավարտին հաճախորդը կարող է վերադարձնել գույքը լիզինգ տվողին կամ գնել այն մնացորդային արժեքով:
5. Լիզինգի տոկոսները սովորաբար ավելի ցածր են, քան վարկինը նույնատիպ պայմաններով:
6. Լիզինգը մի շարք արտոնություններ է տրամադրում, այդ թվում` սարքավորումների արագացված ամորտիզացիայի հնարավորություն:
7. Լիզինգի ժամկետը սովորաբար վարկավորման ժամկետից երկար է:
8. Լիզինգ ստանալու համար անհրաժեշտ է համապատասխանել այն տրամադրող ընկերության պահանջներին: Պահանջներից մեկը հաճախ կանխավճարն է:

Լիզինգի դրական և բացասական կողմերը
Ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, լիզինգը ևս ունի դրական և բացասական կողմեր:
Լիզինգի առավելությունները
- սկզբում օգտագործելու, իսկ հետագայում նաև որպես սեփականություն այն ձեռք բերելու իրավունք՝ միանգամից չներդնելով մեծ ծավալի միջոցներ
- «վարկ» ստանալու հնարավորություն՝առանց գրավի, քանի որ գրավ է հանդիսանում հենց լիզինգի օբյեկտը
– բիզնեսի նոր ուղղություն սկսելու հնարավորություն ոչ բավարար սեփական միջոցներ ունենալու դեպքում
- հնարավորության լիզինգային ընկերության վրա թողնել տարբեր կառույցների հետ հարաբերությունները, օրինակ, ապահովագրական ընկերությունների, ՃՈ-ի և այլն
- սեփական նախաձեռնությամբ պայմանագրի վաղաժամ փակման հնարավորություն
Եվ գլխավոր թերությունները
- լիզինգի առարկան լիզինգային ընկերության սեփականությունն է մինչ այն պահը, քանի դեռ դուք չեք վճարել ձեր բոլոր լիզինգային վճարումները, այսինքն, անգամ պարտքի չնչին մնացորդը թույլ չի տա լիովին տնօրինել սեփականությունը
- երկու և ավել ժամկետանց վճարումների դեպքում, լիզինգի առարկան կարող է առգրավվել անկախ այն բանից, թե քանի վճարում եք կատարել, այսինքն գույքը կարելի է կորցնել, անգամ եթե դուք վճարել եք դրա արժեքի մեծ մասը
Հիմա դուք գիտեք, թե ինչ է լիզինգը, և ձեզ ավելի հեշտ կլինի ընտրություն կատարել:
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–

