Ինչպե՞ս գումար տնտեսել տոնական գնումներ կատարելիս. խորհուրդ է տալիս ֆինանսիստը

26.12.2017, 10:57
Ամանորյա տոների նախաշեմին բազմաթիվ գործերից գլուխդ պարզապես սկսում է պտտվել։
Ինչպե՞ս գումար տնտեսել տոնական գնումներ կատարելիս. խորհուրդ է տալիս ֆինանսիստը
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամանորյա տոների նախաշեմին բազմաթիվ գործերից գլուխդ պարզապես սկսում է պտտվել։ Հարկավոր է մթերք գնել տոնական սեղանի համար, ինչպես նաև նվերներ հարազատների և մտերիմների համար։ Ամանորյա տոների նախաշեմին մեր ծախսերն, իհարկե, սկսում են ավելանալ։ Տոնական ծախսերը ճիշտ պլանավորելու հարցում «Նովոստի–Արմենիա» գործակալությանը խորհուրդներ է տվել ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։

Պլանավորեք ծախսերը

 - рис.1

Խանութ գնալուց առաջ անպայման անհրաժեշտ մթերքների ցուցակ կազմեք։ Այս պայմանը հատկապես ակտուալ է տոների նախաշեմին, երբ ծախսերը զգալիորեն ավելանում են։ Միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առանց կոնկրետ ցուցակի գնումներ կատարելն ավելացնում է ծախսերը մոտ 30%–ով։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մարդիկ հակված են գնել ավելի շատ ապրանք, քան հարկավոր է այս պահին։ Հետևաբար, ցուցակի առկայությունը թույլ կտա խուսափել լրացուցիչ գայթակղություններից և հրաժարվել չմտածված գնումներից։

Մի′ գայթակղվեք զեղչերով

 - рис.2

Մի′ գնեք ապրանքներ, որոնք առաջարկվում են զեղչով։ Շատ գնորդներ չեն կարողանում դիմակայել զեղչով ապրանք գնելու գայթակղությանն ու հաճախ գնում են իրեր, որոնք ընդհանրապես հարկավոր չեն։ Ակցիաների և զեղչերի ժամանակ առաջին ապրանքը գնելու դեպքում շատ հաճախ առաջարկվում է երկրորդը ձեռք բերել մեծ զեղչով։ Արդյունքում, դուք գնում եք անպետք իր պարզապես այն պատճառով, որ էժան է։ Հիշե′ք, ոչ բոլոր էժան ապրանքներն են ձեզ հարկավոր։ Եվ եթե փորձեք մի փոքր սահմանափակել զեղչով առաջարկվող ապրանքներ գնելը, ապա կկարողանաք գումար տնտեսել։

Գնումներով քարտով կամ կանխիկ

Եթե գիտեք, որ ձեզ լուրջ ծախսեր են սպասվում, փորձեք չվճարել վարկային քարտով։ Այս խորհուրդը վերաբերում է միայն այն օրերին, երբ դուք պետք է շատ մեծ գնումներ կատարեք։ Վարկային քարտով վճարելու դեպքում դուք չեք զգում, թե որքան եք ծախսում։ Այդ պատճառով ավելի լավ է պլանավորել անհրաժեշտ բյուջեն ու կանխիկացնել այն գումարը, որը պետք է ծախսեք գնումների վրա։ Եթե դուք չեք կարողանում կառավարել սեփական ծախսերն, ավելի լավ է որոշակի սահմանափակումներ դնեք, օրինակ` դրամապանակում պահելով կոնկրետ չափի գումար։ Իսկ եթե, ամեն դեպքում, նախընտրում եք վճարել քարտով, ապա ակտիվացրեք SMS ծանուցման ծառայությունը, որը կիրազեկի ձեր հաշվում կատարվող բոլոր փոփոխությունների մասին։

Վարկով գնումներ

 - рис.3

Տոնական գնումների համար վարկ վերցնելու հարցում ավելի լավ է չափազանց զգոն լինեք։ Եթե կա վարկ, որը կարելի է ստանալ շատ հեշտ ու առանց որոշակի փաստաթղթերի, նշանակում է, որ այն շատ թանկ է։ Օրինակ, եթե ձեզ առաջարկում են վարկ ձևակերպել մեկ օրում, առանց երաշխավորի ու ապահովագրության, ապա դա թանկ վարկ է։ Դա նշանակում է, որ այդ վարկը մարելու համար ձեզնից կպահանջվեն ավելի շատ միջոցներ, քան դուք նախատեսել եք ծախսել տոնական գնումների համար։ Բացի այդ, հարկավոր է միշտ գնահատել` տոնական կերուխումի մի քանի օրերն, արդյոք,արժե՞ն ձեր մի ողջ տարվա տանջանքներին և աշխատավարձին։ Հարկավոր է հիշել, որ վարկը միշտ ավելացնում է ապրանքի գինը, որը դուք գնում եք այսօր։ Եթե դուք վարկ եք վերցնում ինչ–որ իր զեղչով գնելու համար, դա կնշանակի, որ դուք ձեռք եք բերում այդ ապրանքն առանց զեղչի։ Այնպես որ եղե′ք զգոն և փորձեք ճիշտ պլանավորել սեփական ծախսերը։–0–